ԵՄ-ն հաստատել է 500 միլիոն եվրոյի ռազմական օգնությունը Կիևին
Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները բրյուսելյան հանդիպման ժամանակ համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների յոթերորդ փաթեթի շուրջ, որոնց թվում չկան էներգառեսուրսների փոխադրման արգելք և սահմանափակումներ «Գազպրոմբանկի» դեմ՝ հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
«Հիմնականում խոսքը գոյություն ունեցող կանոնների հստակեցման մասին է: Փաթեթում էներգակիրների փոխադրման սահմանափակումներ չկան»,- ասել է դիվանագետը։
Նոր փաթեթը կպարունակի էմբարգո ռուսական ոսկու ներմուծման վրա, հաշվապահական, աուդիտորական, հարկային և խորհրդատվական ծառայությունների մատուցման արգելք, երկակի նշանակության ապրանքների առևտրի խստացում և տարբեր միջոցառումներ՝ կապված պետական գնումների, ավանդների ընդունման հետ։
Սիյարտոն հավելել է, որ պատժամիջոցների ցուցակում կավելացվի ևս 48 մարդու անուն, այդ թվում՝ «մեկ փոխվարչապետի, մի քանի շրջանների քաղաքական առաջնորդների» և ինը կազմակերպությունների, այդ թվում՝ «Խնայբանկի»։
Միաժամանակ, Եվրամիության խորհուրդը համաձայնեցրել է Կիևին 500 միլիոն եվրոյի ռազմական օգնության հինգերորդ մասի տրամադրումը:
«Այսպիսով, Ուկրաինայի զինված ուժերին ռազմական տեխնիկայի տեսքով ԵՄ աջակցությունը կազմում է 2,5 միլիարդ եվրո»,- հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։