Ռուսական գազի մատակարարումների կրճատումը սպառնում է Գերմանիայի արդյունաբերությանը
Պետր Ցինգրը չի կասկածում այն հարցում, թե ինչ է սպասվում իր քիմիական ընկերությանը, եթե Ռուսաստանը դադարեցնի գազ մատակարարել Գերմանիա, գրել է FT-ն։
«Մենք ստիպված կլինենք անհապաղ կանգնեցնել [արտադրությունը]»,- ասել է SKW Stickstoffwerke Piesteritz-ի՝ երկրում ամիակի խոշոր արտադրողի եւ պարարտանյութերի, դիզելային շարժիչների հեղուկների կարեւոր մատակարարի գործադիր տնօրենը։
Ռուսաստանն արդեն խիստ կրճատել է գազի արտահանումը Եվրոպայի խոշոր տնտեսությանը։ Այժմ Բեռլինը մտավախություն ունի ձմռանը գազի ճգնաժամի հետ կապված, որը կարող է կաթվածահար անել արդյունաբերությունը եւ ստիպել միլիոնավոր մարդկանց սառչել իրենց տներում։
Բոլորի հայացքներն ուղղված են «Հյուսիսային հոսք-1-ին», որն անցած երկուշաբթի փակվել է պլանային տեխնիկական նորոգման համար։ Նորմալ պայմաններում դա տեւում է 10 օր, բայց Բեռլինում անհանգստանում են, որ շահագործումը չի վերականգնվի ըստ ժամանակացույցի։
Երկարատեւ անջատումը կխանգարի Գերմանիայի գազ կուտակելու պլաններին։ «Ընկերությունները ստիպված կլինեն կամ կրճատել գազի սպառումը, կամ սահմանափակել արտադրությունը»,- ասել է Յորգ Ռոթերմալը VCI-ից՝ քիմիական արդյունաբերության առեւտրային կազմակերպություն, որը երկրում մեծությամբ երրորդն է ավտոմեքենաշինությունից եւ մեքենաշինությունից հետո։
Եթե գազի մատակարարումը լիովին դադարեցվի, տնտեսագետների մեծ մասը սպասում է, որ եվրոգոտու տնտեսական կենտրոնը լուրջ անկում կունենա։
Շվեյցարական UBS բանկի վերլուծաբանների կանխատեսումներով՝ գազի բացակայությունն այս ձմեռ առաջ կբերի «խոր ռեցեսիա, հաջորդ տարվա վերջին ՀՆԱ-ն կկրճատվի մոտ 6 տոկոսով։ Բունդեսբանկը նախազգուշացրել է, որ դոմինոյի էֆեկտը մատակարարումների գլոբալ շղթայում «կավելացնի նախնական շոկային էֆեկտը երկուսուկես անգամ»։
Քանի որ արդյունաբերական ընկերություններն ամբողջ Գերմանիայում բախվում են բնական գազի իրական պակասի հետ, դրանց մի մասն ուսումնասիրում է էներգիայի այլ աղբյուրներով այն փոխարինելու հնարավորությունը։ Բայց շատերը դրա այլըտնրանք չունեն։
Դրանց թվում է երկրում պողպատի խոշոր արտադրող ThyssenKrupp-ը։ Այն առանց գազի կարող է կանգ առնել։
Աշխարհում ամենամեծ քիմիական ընկերությունը՝ BASF-ը, նախազգուշացրել է, որ ջերմոցային քրեկինգի կայանքները Լյուդվիգսհաֆեն քաղաքում ստիպված կլինեն կանգ առնել, եթե գազի մատակարարումները կրճատվեն 50 տոկոսից ավելի։
Merck-ը նույնպես պատրաստվում է «գոյատեւել» առանց գազի։ Դա կպահանջի վառելիքի մատակարարում միջին չափի քաղաքի համար, ինչպիսին է Դարմշտադտը, որտեղ գտնվում է քիմիական ընկերությունը, էլեկտրաէներգիա, ինչպես նաեւ նատրիումի հիդրօքսիդ արտադրելու համար։
Կառավարությունը պատրաստվում է վերահաս ճգնաժամին։ Մոտ երեք շաբաթ առաջ այն սկսել է արտակարգ իրավիճակներում գործողությունների ազգային պլանի երկրորդ փուլը, քայլ, որը Գերմանիային ավելի կմոտեցնի մատակարարումների նորմավորմանը։ Կվերականգնվեն նաեւ ածխի էլեկտրակայանները, կկառուցվեն նոր տերմինալներ հեղուկացված գազի մատակարարումների համար, կնախատեսվի աճուրդների համակարգ, որպեսզի կառավարությունը կարողանա արդյունաբերական սպառողներին մղել կրճատել գազի սպառումը։
Ընկերություններին հրամայվել է պատրաստվել հնարավոր անջատմանը։ Ընդդիմադիր պատգամավորին էկոնոմիկայի նախարարության նամակում գրված էր, որ «կրիտիկական ենթակառուցվածքի, ինչպիսին են հիվանդանոցները, բոլոր օպերատորները» պետք է ձեռք բերեն վթարային սնուցման գեներատորներ։