Լեհաստանը մտադիր է ՀՆԱ-ի 5 տոկոսի չափով ավելացնել պաշտպանության ծախսերը
Լեհաստանը շուտով կավելացնի պաշտպանության ծախսերը ՀՆԱ-ի 3 տոկոսի չափով, այն դեպքում, երբ վերջնանպատակը 5 տոկոս ավելացումն է, ասել է «Իրավունք եւ արդարություն» կառավարող կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկին։
Լեհաստանն իր ներքին համախառն արդյունքի 2,4 տոկոսը ծախսում է պաշտպանության վրա, իսկ դա նշանակում է, որ Լեհաստանն արդեն կատարել է ՆԱՏՕ-ի 2024թ. նպատակը, որը համաձայնեցվել է ութ տարի առաջ Նյուպորտի գագաթաժողովում։
Լեհաստանը մտադիր է էլ ավելի մեծացնել պաշտպանության ծախսերը, «որպեսզի Ռուսաստանը չհարձակվի մեզ վրա»,- ասել է Կաչինսկին Պլոցկում (կենտրոնական Լեհաստան), կուսակցական հանրահավաքի ժամանակ։ «Մեզ պետք է ուժեղ բանակ՝ զսպման համար»,- ավելացրել է նա, տեղեկացրել է EurActiv-ը։ Ազգային պաշտպանության մասին նոր օրենքի համաձայն՝ եկող տարի Լեհաստանը պետք է հասնի պաշտպանության ծախսերի 3 տոկոսանոց ավելացման։ Եթե մյուս դաշնակիցները չավելացնեն իրենց պաշտպանական ծախսերը, 5 տոկոսին հասնելը երկիրը ծախսերի գծով կդարձնի առաջատարը ՆԱՏՕ-ում, տեղ, որն այժմ զբաղեցնում է ԱՄՆ-ը, որը պաշտպանության համար ծախսում է իր ՀՆԱ-ի 3,5 տոկոսը։
Կաչինսկին մանրամասներ չի ներկայացրել այն մասին, թե երբ կարող է Լեհաստանը հասնել 5 տոկոսանոց ավելացման։
Պաշտպանության համար ծախսերի էական ավելացումը «Ռուսաստանին կհանգեցներ այն եզրակացության, որ Լեհաստանի վրա հարձակումը խելամիտ չէր լինի եւ կդատապարտվեր ձախողման», նշել է Կաչինսկին։ «Այստեղից էլ մեր վիթխարի պլանները սպառազինությունների վերաբերյալ»,- ասել է նա։