Արցախում մեկ շաբաթում վնասազերծվել են 1 հակահետևակային ական և հրթիռակասետային 8 ռումբ
Հուլիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 698 ահազանգ, որից 622-ը՝ ճանաչողական բնույթի:
Շաբաթվա ընթացքում գրանցվել է բնածին բնույթի 12, տեխնածին՝ 7 և սոցիալ-կենցաղային բնույթի՝ 19 կանչ:
Գրանցված 10 հրդեհի դեպքերի գերակշիռ մասն արձանագրվել է չոր խոտատարածքներում: Ծառայության կենտրոնական ու շրջանային ստորաբաժանումները և հրշեջ հենակետերում տեղակայված մարտական հաշվարկները օպերատիվորեն հակազդել ու անհրաժեշտ մակարդակով իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ:
Հարկ է նշել, որ հանրապետությունում բերքահավաքն անկորուստ իրականացնելու և հրդեհավտանգ շրջանում բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով իրականացվող միջոցառումները կազմակերպված են բարձր մակարդակով և գտնվում են ԱԻ պետական ծառայության ղեկավար կազմի անմիջական վերահսկողության տակ: Այդուհանդերձ ԱԻ պետական ծառայությունը հորդորում է խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները, մասնավորապես չոր խոտատարածքներում ու այգիներում. մեր իսկ պատասխանատվությամբ նվազեցնենք հնարավոր արտակարգ պատահարների առաջացման ռիսկերը:
Հաշվետու ժամանակահատվածում փրկարարները կատարել են 7 փակված դռան և 2 վերելակի բացում, 4 քաղաքացի փրկարարների օգնությամբ տեղափոխվել է համապատասխան բժշկական հաստատություններ, բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 2 ելք, փրկարարներն արձագանքել են այլ բնույթի ևս 4 կանչերի:
Օձի հայտնաբերման վերաբերյալ մեկ ահազանգ է ստացվել հուլիսի 17-ին, Այգեստան համայնքի տարածքում, փրկարարները հայտնաբերել են սողունին և տեղափոխել անվտանգ վայր:
Հանրապետության տարածքը չպայթած զինամթերքից մաքրելու և բնակչության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը շաբաթվա ընթացքում հայտնաբերել ու վնասազերծել են 2 պայթուցիչ, 1 հակահետևակային ական և հրթիռակասետային 8 ռումբ:
ԱԻ պետական ծառայության բոլոր ստորաբաժանումները ԱՀ ամբողջ տարածքում իրականացնում են շուրջօրյա ուժեղացված ծառայություն: