Գանայում առաջին անգամ հայտնաբերվել է հազվադեպ՝ Մարբուրգ մահացու վիրուսով վարակման երկու դեպք
Գանայում հայտնաբերվել է հազվադեպ՝ Մարբուրգ մահացու վիրուսով վարակման երկու դեպք, սա Էբոլային նմանվող հիվանդության հայտնաբերման առաջին դեպքն է հարավաֆրիկյան հանրապետությունում, տեղեկացրել է Medical Xpress-ը՝ հղում կատարելով երկրի առողջապահական մարմիններին։
Նշվել է, որ վիրուսի առկայությունը հաստատվել է Աշանտի հարավային շրջանում։
Նմուշներն ուղարկվել են Սենեգալ, Պաստերի ինստիտուտ, որը հաստատել է ախտորոշումը, տեղեկացրել է Գանայի առողջապահության ծառայությունը (ԳԱԾ)։
«Գանայում առաջին անգամ հաստատվել է Մարբուրգ վիրուսով վարակման հիվանդություն»,- նշվել է ԳԱԾ-ի ղեկավար Փատրիկ Կումա-Աբոագյեի հայտարարությունում։
Մարբուրգ վիրուսի դեմ, որը գրեթե նույնքան մահացու է, որքան Էբոլան, բուժում եւ պատվաստանյութ չկա։ Դրա ախտանշաններն են բարձր ջերմությունը, ինչպես նաեւ ներքին եւ արտաքին արնահոսությունները։
Ներկայում կարանտինում է 98 մարդ, որոնք համարվում են վարակվածների հետ շփում ունեցողներ, նշվել է գերատեսչության հայտարարությունում։ Նշվել է նաեւ, որ Գանայում առայժմ Մարբուրգով վարակման այլ դեպքեր չեն հայտնաբերվել։
Նախորդ բռնկումները եւ վարակումները Աֆրիկայում գրանցվել են Անգոլայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Քենիայում, Հարավային Աֆրիկայում եւ Ուգանդայում, վկայում են Առողջապահության համաշխարային կազմակերպության տվյալները։
Մարբուրգ վիրուսը կարող է տարածվել վարակված կենդանիներից, ներառյալ չղջիկները։
Այս հիվանդությունը հանկարծակի է խոցում մարդկանց՝ առաջ բերելով բարձր ջերմություն եւ ուժեղ գլխացավեր։