Մինչև չգիտակցեն, որ սփյուռքահայությունը միավորող միակ կառույցը Հայ Եկեղեցին է, ոչինչ էլ չի ստացվի. Տեր Մարկոս քահանա
Այսօր ուզում եմ հիշեցնել, որ հայ ժողովրդի մեծամասնությունը ապրում է իր հայրենիքից դուրս. Ուզում եմ նաեւ ասել, որ երբեմն տպավորություն եմ ունենում, թե մենք այս մասին չգիտենք ու որ մեզ թվում է, թե հայերը միայն Հայաստանում են ապրում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Մարկոս քահանա Մանգասարյանը:
Նա նաեւ նշել է. «Սա էլ հետևանքներից մեկն է այն ապարդյուն, ամուլ ու անպտուղ կիսաջանքերի, որ բոլոր կառավարությունները գործադրել են իբրեւ թե Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման համար։
Անկախ նրանից թե ովքեր են այդ օրվա իշխանությունները, մինչեւ երկիրը կառավարողները չգիտակցեն, որ լավ թե վատ, համայն սփյուռքահայությունը միավորող միակ ու ամենազորավոր կառույցը Հայ Եկեղեցին է, երբեք էլ ոչինչ չի ստացվի։
Քանի դեռ Հայ Եկեղեցուն չեն ընկալում, որպես այս հարցը լուծելու ունակ գլխավոր դերակատար, ուրեմն Հայաստան-սփյուռք կապը զորացնելու ու առավել արդյունավետ դարձնելու մի մժեղաչափ հույս էլ չպիտի ունենանք»։