Շվեյցարիայում մտածում են մեղմել մարտական գործողությունների գոտի զենքի մատակարարման կանոնները
Շվեյցարիայում մտածում են մեղմել մարտական գործողությունների գոտի զենքի մատակարարման կանոնները։ Ինչպես տեղեկացրել է SonntagsZeitung-ը, այս մասին նշվել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության չեզոքության մասին զեկույցի նախագծում։
Աղբյուրի համաձայն՝ Շվեյցարիան պետք է հնարավորություն ունենա զենք մատակարարել «հարձակման ենթարկված դեմոկրատական պետություններին»։ Սա ակնհայտ ակնարկ է Ուկրաինային, որտեղ որոշ եվրոպական եւ արեւմտյան պետություններ զենք են մատակարարում, բայց զենքի արտահանման շվեյցարական կանոնները թույլ չեն տալիս անել դա։ Ստատուս քվոյի պահպանումը նշանակում է, որ «Շվեյցարիայի անվտանգությունը այլեւս չի երաշխավորվի եւ անհասկանալի կլինի նրա գործընկերների համար», նշվել է հաշվետվությունում, որը մեջբերել է SonntagsZeitung-ը։
Զեկույցում դիտարկվել է նաեւ ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքի հետ կապերի մասին հարցը։ Եթե լիիրավ անդամակցությունը անհնար է, զեկույցի հեղինակները ցանկանում են ուսումնասիրել ՆԱՏՕ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձեւերը։
Սա առաջին զեկույցն է, որտեղ նշվում է «կոլաբորատիվ չեզոքության» գաղափարի մասին, որը վերջերս առաջ է քաշել Շվեյցարիայի նախագահ եւ արտաքին գործերի նախարար Իգնացիո Կասիսը, գրել է թերթը։ Նախարարությունը զեկույցը պատրաստել է նրա խնդրանքով։
Ներկայում զեկույցը գտնվում է դաշնային կառավարական հաստատությունների հետ խորհրդատվությունների փուլում եւ պետք է ընդունվի կառավարության կողմից մինչեւ ամառվա վերջ, Keystone-SDA գործակալությանը տեղեկացրել է արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը։