Իսպանիայում և Պորտուգալիայում շոգից մահացածների թիվը գերազանցել է 1 000-ը
Իսպանիայում եւ Պորտուգալիայում շոգից մահացածների թիվը գերազանցել է 1 000-ը։ AFP-ի տվյալներով՝ Մադրիդում այդ օրը ջերմաստիճանը բարձրացել է Ցելսիուսի 39-ի։ Ռեկորդային՝ 43,3 աստիճան գրանցվել է Դոն Բենիտոյում՝ երկրի արեւելքում։
Ինչպես տեղեկացրել է La Vanguardia կատալոնյան թերթը, Իսպանիայում հուլիսի 16-ին մահացել է առնվազն 360 մարդ։ Նրանցից 22-ը մահացել է Մադրիդում, ընդ որում՝ 60-ամյա մի հավաքարար տղամարդ՝ հենց աշխատանքի ժամանակ։ Եւս մեկ 50-ամյա տղամարդ մահացել է մայրաքաղաքից ոչ հեռու՝ Տորեխոն դե Արդոսում, փողոցում, ջերմային հարվածից։ Բժիշկները չեն կարողացել օգնել տուժածին, նրա մարմնի ջերմաստիճանը հասել էր 40-ի։
Ջերմաստիճանի ռեկորդը (Ցելսիուսի 47 աստիճան) գրանցվել է պորտուգալական Պինյանում հուլիսի 14-ին՝ ըստ Պորտուգալիայի ծովի եւ մթնոլորտի ինստիտուտի (երկրի ազգային օդերեւութաբանական գործակալություն) տվյալների, տեղեկացրել է DW-ն։
«Երկյուղներ կան, որ շոգը կպահպանվի երկար ժամանակ (20 եւ ավելի օր) շատ շրջաններում՝ Պորտուգալիայից մինչեւ կենտրոնական Ֆրանսիա եւ Եվրոպայի հարավարեւելյան շրջաններ։ Շոգը կարող է տեւել մինչեւ հուլիսի վերջը եւ շարունակվել օգոստոսին»»,- ենթադրել է AccuWeather ամերիկյան կանխատեսումների ծառայության ավագ օդերեւութաբան Թայլեր Ռոյսը։ Ըստ նրա՝ խոսքը Հունգարիայի, Խորվաթիայի արեւելքի, Բոսնիայի եւ Հերցեգովինայի, Սերբիայի, Ռումինիայի հարավի եւ Բուլղարիայի հյուսիսի տարածքների մասին է։
Այս համատեքստում Ֆրանսիայում, Հունաստանում, Պորտուգալիայում եւ Իսպանիայում հրդեհներ են մոլեգնում, այրվել են տասնյակ քառակուսի կիլոմետր հողային տարածքներ, հազարավոր մարդիկ եւ զբոսաշրջիկներ ստիպված են եղել հեռանալ իրենց բնակավայրերից եւ հանգստյան գոտիներից, զոհվել են փրկարար ծառայության մի քանի աշխատակիցներ։
Սա վերջին մի քանի շաբաթներին արդեն շոգի երկրորդ ալիքն է Եվրոպայի հարավ-արեւելքում։ Գիտնականները ծայրահեղ ջերմաստիճանների համար մեղադրում են կլիմայի փոփոխությանը եւ հետագայի համար կանխատեսում են երաշտի ավելի հաճախակի եւ ինտենսիվ շրջաններ։