ԱՄՆ-ը հույս ունի, որ նավթարդյունահանումը կավելանա Մերձավոր Արեւելք Բայդենի այցելությունից հետո
Հում նավթի հիմնական արտադրողները ազատ հզորություններ ունեն եւ, ամենայն հավանականությամբ, կավելացնեն մատակարարումները Մերձավոր Արեւելք նախագահ Ջո Բայդենի այցից հետո, ասել է պետդեպարտամենտի էներգետիկ անվտանգության հարցերով ավագ խորհրդական Ամոս Հոխշթեյնը, տեղեկացրել է «Голос Америки»-ն։
«Հիմնվելով այն բանի վրա, ինչ մենք լսեցինք ուղեւորության ժամանակ, ես համոզված եմ, որ առաջիկա շաբաթներին մենք էլի մի քանի քայլեր կտեսնենք»,- ասել է նա։ Հոխշթեյնը չի ասել, թե որ երկիրը կամ երկրներն են ավելացնելու արտադրությունը եւ որքանով։ «Խոսքը միայն Սաուդյան Արաբիայի մասին չէ... Մենք հանդիպել ենք Պարսից ծոցի Համագործակցության երկրների խորհրդի (ՊԾՀԵԽ) անդամների եւ Սաուդյան Արաբիայի հետ։ Չեմ խորանա այն հարցում, թե որքան ազատ հզորություններ կան Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում, Քուվեյթում եւ այլն։ Բայց կան լրացուցիչ ազատ հզորություններ։ Կա արտադրությունն ավելացնելու հնարավորություն»,- նշել է նա։ Բայդենն այցելել է Սաուդյան Արաբիա ուրբաթ օրը, որպես նախագահ Մերձավոր Արեւելք իր առաջին ուղեւորության շրջանակում՝ նավթարդյունահանման վերաբերյալ գործարք կնքելու հույսով, որպեսզի օգնի բենզինի գնի իջեցմանը։
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ շաբաթ օրը ամերիկա-արաբական գագաթաժողովում նավթի հարցը չի քննարկվել։ Նա ասել է, որ ՕՊԵԿ+-ը կշարունակի գնահատել շուկայական պայմանները եւ անել այն, ինչ անհրաժեշտ է։ ՕՊԵԿ+-ի, որի մեջ է մտնում նաեւ Ռուսաստանը, հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 3-ին։
Նավթի գները հասել են ամենաբարձր մակարդակին 2008-ից ի վեր՝ մարտին բարձրանալով մեկ բարելը 139 դոլարից, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը եւ Եվրոպան պատժամիջոցներ մտցրին Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինա ներխուժելու պատճառով։ Այդ ժամանակվանից գները իջել են։
Հոխշթեյնը նաեւ ընդգծել է, որ սպասում է բենզինի գների հետագա նվազման ԱՄՆ-ում՝ մինչեւ մեկ գալոնը 4 դոլար, այն բանից հետո, երբ այս տարվա սկզբին դրանք առաջին անգամ պատմության մեջ գերազանցել էին մեկ գալոնը 5 դոլարը։