Քյոթահիայի հնագույն խեցեգործությունը վերածնվում է գյումրեցի վարպետների ձեռքերում
«Քաղաքակրթությունները փակվում են շերտերով եւ ընդհատվում են, կարեւորն այդ շերտերը բացելն ու ընդհատվածին շարունակականություն ապահովելն է,- ասում է Հայաստանում Իտալիայի պատվո հյուպատոս, Գյումրիում կերամիկայի դպրոցի հիմնադիր Անտոնիո Մոնտալտոն,- Գյումրիում կերամիկայի դպրոցի հիմնումը թերեւս Քյոթահիայի (Կուտինա) հայերի ստեղծած խեցեգործական ավանդույթների պահպանումն ու նորովի մեկնաբանելու լավագույն հնարավորությունն է այսօր: Մենք շերտ առ շերտ բացում ենք անցած դարի վարպետների աշխատանքների նրբություններն՝ ավելացնելով մեր մտահղացումները»:
Քյոթահիա կամ Կուտինա քաղաքը, որ գտնվում է Կ. Պոլսից հարավարեւելք, Փոքր Ասիայի այն բնակավայրերից է, որտեղ հայությունը բավական վաղ շրջանից է հաստատվել: Քյոթահիան համարվել է արհեստների եւ արվեստների կենտրոն, որտեղ զարգացել են խեցեգործությունն ու արծաթագործությունը, դարբնագործությունը, դերձակությունը եւ այլ արհեստներ: Բնակավայրը 15-րդ դարից հայտնի է եղել կերամիկայի արտադրությամբ: Քյոթահիայի հայ վարպետները մեծ ավանդ են ունեցել տարածաշրջանի խեցեգործության զարգացման գործում:
17-18-րդ դարերում Կուտինայի հախճապակու արվեստը պարզապես ծաղկում էր: Այդ շրջանի լավագույն նմուշները պահպանվում են Էրմիտաժում, Լուվրում, Վենետիկի Սբ. Ղազարի Մխիթարյան Միաբանության թանգարանում, արվեստի ու պատմության Բրիտանական թանգարանում: Հայ վարպետների հախճասալիկներով զարդարված են Երուսաղեմի Սբ. Հակոբյանց վանքի Հարության տաճարը, Կեսարիայի Սբ. Կարապետ վանքի Հրեշտակապետաց եկեղեցին, Կ.Պոլսի և Նոր Ջուղայի մի քանի եկեղեցիներ։ 18-րդ դարի 1-ին կեսին Քյոթահիայում պատրաստված կավե խնկամանը՝ զարդարված խաչի պատկերով ու հայերեն գրերով՝ նվիրված Սբ. Աստվածածնին, ներկայումս պահվում է Ցինցինատիի թանգարանում (ԱՄՆ, Օհայո նահանգ):
Արտերկրներում, չիմացության պատճառով, հաճախ հայ խեցեգործների աշխատանքները ներկայացվում են որպես իսլամական: Սակայն, մասնագետների պնդմամբ, մահմեդական խեցեգործները հիմնականում սիմետրիկ դիզայնով աշխատանքներ են կատարել, իսկ հայ խեցեգործների ստեղծած եղնիկներն ու այլ կենդանիներ գտնվել են շարժման մեջ:
«Շարունակելով Քյոթահիայի հայկական խեցեգործության ավանդույթները՝ մենք փորձում ենք աշխարհին ներկայանալ Գյումրու խեցեգործական դպրոցի լավագույն աշխատանքներով,- նկատում է Անտոնիո Մոնտալտոն,- ինձ համար շատ կարեւոր է, որ միջազգային ցուցահանդեսներում հայկական կերամիկան ներկայացնում է Գյումրին, մարդկանց ստիպում քարտեզի վրա փնտրել այս քաղաքն ու շնորհիվ կերամիկայի՝ գնել ինքնաթիռի տոմս եւ գալ մնացյալի հետեւից: Այն, ինչ մենք անում ենք, շաղկապում է երկու քաղաքակրթությունների պատմությունը: Քյոթահիան ու Գյումրին, շնորհիվ կերամիկայի, այլեւս անբաժան են: Նրանք պատմականորեն գտնվում են աշխարագրական տարբեր լայնություններում, ձեւավորվել են տարբեր դարաշրջաններում, սակայն 21-րդ դարը հետաքրքիր մի օրինաչափությամբ նրանց միավորել է»:
Զրույցն ընթանում է «Վիլլա Կարս» հյուրանոցում գտնվող կերամիկական իրերի ցուցադրության համար նախատեսված սրահում: Անտոնիո Մոնտալտոն կապույտ նախշազարդ վերնաշապիկով է, որ համահունչ է դարձնում սրահի տիրոջը ցուցադրվող խեցե նրբագույն աշխատանքներին:
-Պարոն Մոնտալտո, դուք մասնագիտությամբ բժիշկ եք, Հայաստան եք եկել երկրաշարժից անմիջապես հետո՝ որպես հումանիտար եւ շինարարական մեծ խմբի ղեկավար: Ծրագրի ավարտից հետո շարունակեցիք ձեր գործունեությունը Հայաստանում՝ որպես Իտալիայի պատվո հյուպատոս: Հետո սիրահարվեցիք Գյումրուն ու նրա հնագույն շինություններին: Ունեք որոշակի դերակատարում հայկական տուրիզմի ոլորտում: Վերջին տարիներին ձեր անունն ամուր կապվում է Գյումրիում խեցեգործության զարգացման հետ: Դուք եկաք փրկելու եւ աջակցելու Սպիտակի աղետյալներին: Հետո սկսեցիք Գյումրու մեկդարյա շինությունների փրկության ուղղությամբ ծրագրեր իրականացնել: Քյոթահիայի հայ խեցեգործների ավանդույթների վերականգնումը եւս փրկության ծրագիր կարելի է որակել: Ո՞րն է ձեր գործունեության շարժիչ ուժը:
Թարգմանությունն ավարտված է, սակայն պատասխան չկա: Զրուցակիցս մի քանի վայրկյան էլ է մտորում՝ կկոծելով աչքերը:
-Ես աննուղելի լավատես եմ: Կարծում եմ ՝ դա աշխարհում գոյատեւելու միակ ձեւն է: Ու քանի որ կյանքն ինչ-որ բան անելու համար է մեզ տրված, չենք կարող ապրել՝ երեւակայելով, թե թունելի միջով ենք ընդամենն անցնում: Ռիսկ կա, որ մենք միշտ վազում ենք եւ կոնկրետ ունենք տեսլական, որից այն կողմ շատ հաճախ չենք տեսնում: Իրականում կյանքն ավելի հարուստ է, քան այն, ինչ մենք տեսնում ու պատկերացնում ենք: Գաղտնիքն ինքդ քեզ գերազանցելու մեջ է: Մեր փորձառությունը միշտ շատ սահմանափակ է, ու նորից կրկնվեմ՝ ռիսկ կարող է լինել, որ դու ամբողջ կյանքդ անցկացնես թունելի մեջ, որտեղ ամեն ինչ որոշված է եւ կանխատեսելի: Մարդն ամեն օր արթնանալիս պետք է ասի՝ ես շատ բախտավոր եմ, քանի որ մի քանի ժամ ժամանակ ունեմ ինչ-որ մի բան անելու՝ ոչ երեկ, ոչ վաղը, այլ հենց այսօր, հենց այս պահին, որպեսզի փոխվեմ ես՝ փոխելու համար աշխարհը: Սա է եղել, կա ու կմնա իմ բոլոր նախաձեռնությունների շարժիչ ուժը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: