Զելենսկին ազատել է ՈւԱԾ-ի տնօրենին և գլխավոր դատախազին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոններից ազատել է ՈւԱԾ-ի տնօրեն Իվան Բականովին եւ գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովային, տեղեկացրել է УНИАН-ը։
Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ գրանցված է 651 քրեական վարույթ դատախազության, մինչդատական հետաքննությունների, իրավապահ այլ մարմինների աշխատակիցների պետական դավաճանության եւ կոլաբորացիոն գործունեության վերաբերյալ։ Ընդ որում՝ 198 վարույթներում համապատասխան անձանց տեղեկացվել է կասկածների մասին։ Մասնավորապես, դատախազության եւ ՈւԱԾ-ի ավելի քան 60 աշխատակից «մնացել է օկուպացված տարածքում եւ աշխատում է Ուկրաինայի դեմ»։ «Հանցագործությունների այս ծավալը պետության ազգային անվտանգության հիմքերի դեմ եւ այն կապերը, որոնք գրանցվել են Ուկրաինայի ուժային կառույցների եւ Ռուսաստանի հատուկ ծառայությունների աշխատակիցների միջեւ, շատ լուրջ հարցեր են դնում համապատասխան ղեկավարների առջեւ։ Այդ հարցերից յուրաքանչյուրը պատշաճ պատասխան կստանա։ Այսօր ես որոշում եմ ընդունել գլխավոր դատախազին եւ Ուկրաինայի Անվտանգության ծառայության տնօրենին պաշտոններից հեռացնելու մասին»,- ասել է Զելենսկին։