Աբրամովիչը Եվրախորհրդից ավելի քան մեկ միլիոն դոլար է պահանջել
Ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը հայց է ներկայացրել Եվրոպական խորհրդի դեմ՝ պահանջելով ավելի քան մեկ միլիոն դոլարի փոխհատուցում իր դեմ սահմանված պատժամիջոցներից, հայտնում է ամերիկյան Wall Street Journal-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լյուքսեմբուրգում Եվրամիության դատարանը քննարկում է եվրոպական պատժամիջոցների տակ հայտնված ռուս գործարարների մի շարք հայցեր։ Այսպիսով, մայիսի 25-ին գրանցվել է Ռոման Աբրամովիչի հայցը, մայիսի 24-ին՝ Միխայիլ Ֆրիդմանի, մայիսի 23-ին` Պետր Ավենի, մայիսի 6-ին` Ալեքսեյ Մորդաշովի, ապրիլի 29-ին` Ալիշեր Ուսմանովի կողմից:
«Պարոն Աբրամովիչը, ով նաև Պորտուգալիայի քաղաքացի է, պնդում է, որ պատժամիջոցները խախտում են իր հիմնարար իրավունքները, որոնք պաշտպանված են ԵՄ կողմից, որի անդամ է Պորտուգալիան: Նա փոխհատուցում է խնդրում՝ Եվրոպական խորհրդից ավելի քան մեկ միլիոն դոլար վճարել բարեգործական հիմնադրամին, որը ստեղծվել է «Չելսիի» վաճառքից ստացված եկամուտների հաշվին»,- գրել է Wall Street Journal-ը։
Անձնական պատժամիջոցները ներառում են ԵՄ երկրների տարածք մուտքի արգելք և ակտիվների սառեցում։ ԵՄ ներկայացուցիչները բազմիցս ընդգծել են, որ եվրոպական պատժամիջոցների ռեժիմները ներառում են պատժամիջոցների տակ ընկած անձանց համար ԵՄ որոշումների դեմ եվրոպական դատարաններ բողոքարկելու հնարավորություն: