Ո՞ր երկրներում է արդեն հայտնաբերվել կապիկի ծաղիկ և ի՞նչ իրավիճակ է Հայաստանում. ArmDaily.am
Օրեր առաջ Ռուսաստանում և հարևան Վրաստանում հայտնաբերվեց կապիկի ծաղիկ հիվանդության առաջին դեպքերը: Երկու երկրում էլ հիվանդները վերջին շրջանում եղել էին Եվրոպայում, և իրենց երկրներ վերադառնալուց հետո՝ դիմել էին բուժհաստատություններ, քանի որ ունեցել էին հիվանդությանը բնորոշ ախտանիշներ, մասնավորապես ցան:
Չնայած աշխարհում հիվանդության տարածումը դեռևս սահմանափակ է, սակայն հանգստի այս սեզոնին տարածման ռիսկը մեծանում է:
Կապիկի ծաղկի ախտանշաների, տարածման դինամիկայի և ՀՀ առողջապահության նախարարության կողմից հիվանդության տարածումը կանխարգելող միջոցառումների վերաբերյալ ArmDaily.am-ը զրուցել է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանի հետ:
Մասնագետի խոսքով՝ իրենք համագործակցում են Առողջապահության նախարարության և Աշխատանքի տեսչական մարմնի հետ, որոնք սահմանի անցումային կետերում իրականացնում են հսկողություն: Նրանք պարտադիր ջերամաչափում են և, եթե կասկածելի դեպք լինի, իրենք անմիջապես կկազմակերպեն հոսպիտալացման գործընթացը: «Հիվանդացության դեպքի հայտանբերումից ու հոսպիտալացումից հետո, հետազոտություններն արդեն մենք ենք իրականացնում։ Նախարարությունում ստեղծվել է առանձին խումբ, որը բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչների համար հիվանդության վերաբերյալ վեբինարներ է անցկացրել, որպեսզի կասկածելի դեպք լինելու պարագայում իրենք ևս զգոն լինեն և անմիջապես իրականացնեն հետազոտություն»,-ընդգծեց Պարոնյանը։
Համաճարակաբանի խոսքով՝ Հայաստանում դեռևս որևէ դեպք չի հայտանաբերվել, նույնիսկ կասկածելի դեպք չի եղել։
Խոսելով կապիկի ծաղիկ հիվանդության ախտանշանների մասին՝ Պարոնյանը հայտնեց, որ շատ կարևոր է համաճարակաբանական կապը, քանի որ որևէ երկրում այդ հիվանդությունն ինքն իրեն չի կարող առաջանալ։ «Եթե անձը սերտ շփում է ունեցել արտասահմանից ժամանած անձի հետ կամ, եթե անձն ինքն է ճանապարհորդել և այլ երկրում շփվել արտասահմանցու հետ, որն ունեցել է օրինակ միայն ջերմություն, բայց կոնտակտավոր անձը օրեր անց զգում է, որ իրեն վատ է զգում, ունի ջերմություն, մկանացավ, գլխացավ, հոգնածություն և միաժամանակ նաև բշտիկներ, ցան, ապա անպայման պետք է դիմի բժշկի՝ հայտնելով, որ սերտ շփում է ունեցել ջերմություն ունեցող արտասահմանացու հետ», – ընդգծեց համաճարակաբանը։
Պարոնյանի խոսքով՝ կապիկի ծաղկի համար դեռևս որևէ պատավաստում խորհուրդ չի տրվում, քանի որ հիվանդության տարածումը դեռևս բավականին սահմանափակ է։ «Այս պահին աշխարհում կապիկի ծաղիկ հիվանդացության մոտ 12.000 դեպք կա, սակայն բարեբախտաբար մահվան դեպքեր չկան։ Հիվանդների մեծ մասը ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող տղամարդկանց շրջանում է: Գրանցված դեպքերից միայն 4-ն է երեխաների մոտ հայտնաբերվել,իսկ 21-ը՝ կանանց, մնացածը մինչև 50 տարեկան տղամարդկանց շրջանում է»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ հիվանդության ռիսկային խմբում են՝ հղիները, իմուն համակարգի խնդիրներ ունեցող քաղաքացիներն ու երեխաները։
Պարոնյանը հայտնեց, որ Եվրոպական հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը ընդհանուր բնակչության համար տվյալ հիվանդության ռիսկը ցածր են գնահատում, իսկ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց համար գնահատում են միջին ռիսկ, քանի որ հիվանդությունը ծանր չի ընթանում։
Նշենք, որ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալների համաձայն կապիկի ծաղիկն արդեն հայտնաբերվել է աշխարհի շուրջ 68 երկրում: Հիվանդների քանակը շուրջ 12556 է:
Առավել շատ թվով վարակվածներ հայտնաբերվել են եվրոպական մի շարք երկրներում՝ Իսպանիայում 2835 դեպք, Գերմաիայում 1859 դեպք, Մեծ Բրիտանիայում 1856 դեպք, ինչպես նաև ԱՄՆ–ում՝ 1469 դեպք: Իսկ մեր տարածրջանում պատկերն այսպիսին է՝ Վրաստանում և Թուրքիայում հայտնաբերվել են մեկական դեպքեր, Հայաստանում, Իրանում և Ադրբեջանում՝ պաշտոնական տվայլների համաձայն դեռևս հիվանդացության որևէ դեպք չի հայտնաբերվել: