Էրդողանը Մակրոնի հետ քննարկել է ուկրաինական հացահատիկի արտահանման համար միջանցքի ստեղծումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ուկրաինական հացահատիկի արտահանման համար միջանցք ստեղծելու հարցը։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի թվիթերյան էջը։
«Նախագահ Էրդողանը քննարկել է Ստամբուլում Ուկրաինայից հացահատիկի արտահանման համակարգող կենտրոնի ստեղծման գործընթացը՝ նշելով, որ այն կառավարվելու է Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների կողմից»,- նշվում է հայտարարության մեջ:
Էրդողանը նշել է, որ Ուկրաինայից գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծրագրի շուտափույթ իրագործումը թույլ կտա էապես հեշտացնել համաշխարհային պարենային անվտանգության հարցերի լուծումը:
Հուլիսի 13-ին Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև կայացած քառակողմ բանակցությունների արդյունքում որոշվել է համակարգող կենտրոն ստեղծել ուկրաինական հացահատիկի արտահանման վերահսկողության համար: Կողմերը պայմանավորվել են նավագնացության համատեղ վերահսկողության մեխանիզմների ձևավորման մասին, որպեսզի ապահովեն առևտրային նավերի երթուղու անվտանգությունը: