ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի պատվիրակությունը այցելել է Արմավիրի մարզ
Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը հուլիսի 16-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գուննար Շելլենբերգերի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով պատվիրակության այցն Արմավիրի մարզ՝ Էդվարդ Հովհաննիսյանը կողմերի միջև ձևավորված հարաբերությունների համար նախ շնորհակալություն է հայտնել ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանին՝ վստահություն հայտնելով, որ հանդիպումը հնարավորություն կընձեռի տարածաշրջանային և համայնքային մակարդակով զարգացնել հետագա հարաբերությունները:
Անդրադառնալով Սաքսոնիա-Անհալթ երկրամասում տարիներ առաջ իրականացված համայնքների խոշորացման գործընթացին՝ մարզպետը կարևորել է կողմերի միջև փորձի փոխանակումը, ապա ներկայացրել գիտակրթական, սոցիալ-տնտեսական, գյուղատնտեսական և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հնարավորությունները:
Նա նաև ամփոփ տեղեկություն է փոխանցել Արմավիրի մարզի վերաբերյալ՝ ընդգծելով հիմնական առանձնահատկություններն ու դրանց նշանակությունը մարզային տնտեսության զարգացման գործում:
Պատվիրակության ղեկավար Գուննար Շելլենբերգերը շնորհակալություն է հայտնել մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին ջերմ ընդունելության համար, ներկայացրել մարզ կատարած այցի դրական տպավորություններն ու դրանց նշանակությունը հետագա համագործակցության հարցում: Նա իր խոսքում կարևորել է այցելության շրջանակում կողմերի միջև փոխգործակցության ուղղված հստակ ծրագրերի նախանշումը, որոնք կնպաստեն գործընկերության զարգացմանը: Շելլենբերգերն ուրախությամբ նշել է նաև, որ այցի ընթացքում մարզի տարբեր ներկայացուցիչների հետ հանդիպումներն իրենց հերթին կնպաստեն երկկողմ ծրագրերի իրագործմանը:
Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվել են խորհրդանշական նվերներով, որից հետո մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի ուղեկցությամբ հյուրերն այցելել են Արմավիրի մշակույթի տանը բացված լուսանկարչական ցուցահանդես, որտեղ ներկայացված են եղել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի տեսարժան վայրերը պատկերող գերմանացի լուսանկարիչ Յանոս Շտեկովիչի 31 լուսանկարները:
Ցուցադրված լուսանկարներին ծանոթանալուց հետո մարզպետը հանդես է եկել ելույթով՝ ընդգծելով, որ երկու պետությունների միջև ձևավորված բազմավեկտոր հարաբերությունները կարևոր նախադրյալ են հանդիսանում Արմավիրի մարզի և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի միջև մարզային և քաղաքային մակարդակով հաստատված գործընկերությունը միանգամայն նոր հարթության վրա դնելու համար: