Ֆրանսիայում եղանակային վտանգի նարնջագույն մակարդակ է հայտարարվել
Ֆրանսիայի 38 դեպարտամենտներում եղանակային վտանգի նարնջագույն մակարդակի մասին նախազգուշացում է գործում անոմալ բարձր ջերմաստիճանի պատճառով, հայտնել է «Մետեո-Ֆրանսը»:
Դրանից քիչ առաջ նման նախազգուշացումը գործել է ընդամենը 16 դեպարտամենտներում։ Օդերևութաբանական գործակալության կանխատեսմամբ՝ առաջիկա օրերին Ֆրանսիայում երկարատև շոգ է սպասվում: Երկրի հարավ-արևելքում օդի ջերմաստիճանը կհասնի +42 աստիճանի։
Առաջիկա երկուշաբթի օրը, հնարավոր է, ամենաշոգ օրը դառնա Ֆրանսիայում օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում:
Հիշեցնենք, որ վերջին շաբաթվա ընթացքում Միջերկրածովյան տարածաշրջանում օդի ծայրահեղ բարձր ջերմաստիճաններ են գրանցվել, Իսպանիայում շոգից զոհվել է 360 մարդ։