Տանզանիայում առեղծվածային մահացու հիվանդության բռնկում է գրանցվել
Առողջապահության ոլորտի ներկայացուցիչները հետաքննում են հարավային Տանզանիայում առեղծվածային հիվանդության մահացու բռնկումը, որով վարակվել է ավելի քան մեկ տասնյակ մարդ, եւ նրանցից առնվազն երեքը մահացել են, հայտնում է ABC News-ը:
Տանզանիայի գլխավոր սանիտարական բժիշկ, դոկտոր Այֆելո Սիչալվեն կոչ է արել բնակչությանը «հանգստություն պահպանել»:
Առայժմ անհայտ հիվանդության ընդհանուր 13 դեպք է գրանցվել արեւելաաֆրիկյան Լինդի շրջանի Մբեկենյերա գյուղում։
Սիչալվեն ասել է, որ հիվանդների մոտ նկատվում են Էբոլայի կամ Մարբուրգի վիրուսի նման ախտանիշներ՝ ջերմություն, գլխացավ, հոգնածություն եւ արյունահոսություն, հատկապես՝ քթից:
Միեւնույն ժամանակ, նրա խոսքով, նախնական լաբորատոր արդյունքները բացառել են այս վիրուսների առկայությունը, եւ պացիենտների COVID-19-ի թեստը նույնպես բացասական է եղել։
Առաջին դեպքը գրանցվել է Մբեկենյերայի բժշկական կենտրոնում՝ հուլիսի 5-ին, իսկ երկրորդ պացիենտը հիվանդանոց է ընդունվել երեք օր անց, ասել է Սիչալվեն:
Մբեկենյերայի բժշկական կենտրոնում մեկուսացման մեջ գտնվող երկու հիվանդներ ապաքինվել եւ վերադարձել են տուն։ Հինգ հիվանդ մնում է մեկուսացման մեջ, ասել է Սիչալվեն։