Ճապոնիայի կառավարությունը կաջակցի Mitsui-ի և Mitsubishi-ի մասնակցությանը «Սախալին-2» նախագծին
Ճապոնիայի կառավարությունը նախատեսում է աջակցել Mitsui եւ Mitsubishi ընկեություններին՝ «Սախալին-2» նավթագազային նախագծում մնալու նրանց ջանքերում, հայտնել են Reuters-ին երեք աղբյուրներ այն բանից հետո, երբ Ճապոնիայի էներգամատակարարման համար կարեւոր նախագիծն անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ:
Ենթադրություններ են շրջանառվում այն մասին, թե կմնան արդյոք ճապոնական ընկերությունները կոնսորցիումում, քանի որ Տոկիոյի եւ Մոսկվայի միջեւ լարվածությունն աճում է Ուկրաինայի հակամարտության պատճառով: Ճապոնիան միացել է Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցներին։
Ճապոնիայի առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունը շուտով կտեղեկացնի ընկերություններին իր որոշման մասին, հայտնել են խնդրին ծանոթ անանուն աղբյուրները:
Ռեսուրսներով աղքատ Ճապոնիան բախվում է էներգետիկ անվտանգության պատմական ռիսկի, քանի որ լարվածությունը սրվում է համաշխարհային մատակարարումների սահմանափակման եւ գների կտրուկ աճի պատճառով: Ճապոնիան հեղուկացված բնական գազի 10 տոկոսը ներկրում է Ռուսաստանից՝ հիմնականում «Սախալին-2»-ի հետ կնքված երկարաժամկետ պայմանագրով։
Mitsui-ի եւ Mitsubishi-ի ներկայացուցիչները շաբաթ օրը հայտնել են, որ ընկերություններն այդ հարցը կքննարկեն կառավարության, ինչպես նաեւ իրենց գործընկերների հետ համագործակցությամբ։
Կոնսորցիումի խոշորագույն բաժնետերերից մեկը՝ Shell-ը, հայտարարել է նախագծից իր դուրս գալու մասին եւ բանակցություններ է վարում իր մասնաբաժինը հնդկական էներգետիկ ընկերությունների կոնսորցիումին վաճառելու վերաբերյալ, հաղորդել է Reuters-ը մայիսին:
Ռուսական «Գազպրոմին» է պատկանում նախագծի 50 տոկոսը գումարած մեկ բաժնետոմս, այն դեպքում, երբ Mitsui-ին պատկանում է 12,5 տոկոսը, իսկ Mitsubishi-ին՝ 10 տոկոսը: