Մեքսիկայում ձերբակալել են ամենահետախուզվող եւ տխրահռչակ նարկոբարոններից մեկին
Մեքսիկացի նարկոբարոն Ռաֆայել Կարո Կինտերոն, որը գտնվում է ԱՄՆ-ի ամենահետախուզվող անձանց ցուցակում, ձերբակալվել է արեւմտյան Սինալոա նահանգում, հայտնում է BBC-ն՝ հղում անելով Մեքսիկայի ռազմածովային ուժերին։
Կինտերոն, որը մեղադրվում է 1985 թվականին թմրանյութերի ամերիկացի գործակալին առեւանգելու, խոշտանգելու եւ սպանելու մեջ, կալանավորվել էր Չոյս քաղաքում։
Մեքսիկական ռազմածովային ուժերը հայտնել են, որ Կինտերոն, որը ենթադրաբար 69 տարեկան է, հայտնաբերվել է թփերում՝ Մաքս անունով հատուկ վարժեցված շան կողմից:
ԱՄՆ-ը հայտարարել է, որ կպահանջի անհապաղ արտահանձնել Կինտերոյին:
Կինտերոն Գվադալախարա հզոր կարտելի երեք հիմնադիրներից մեկն է։
Նա 28 տարի բանտում է անցկացրել՝ DEA-ի նախկին գործակալ Էնրիկե Կամարենայի սպանության համար։
Այն ժամանակ սպանությունը լարել էր ամերիկա-մեքսիկական հարաբերությունները, իսկ հետո սյուժե դարձավ Netflix-ի «Թմրանյութեր. Մեքսիկա» սերիալի համար:
2013 թվականին Մեքսիկայի դատարանը նվազեցրել էր Կինտերոյի 40 տարվա ազատազրկումը եւ ազատ արձակել նրան՝ վճռելով, որ նա պետք է դատվի նահանգային, ոչ թե դաշնային դատարանում։
Ավելի ուշ այս որոշումը չեղարկվել էր երկրի գերագույն դատարանի կողմից, սակայն Կինտերոն արդեն փախել էր։
Ամերիկյան իշխանությունները հայտարարել էին, որ նա արագ վերադարձավ թմրանյութերի առեւտրին, եւ Վաշինգտոնը հետագայում 20 միլիոն դոլար էր առաջարկել ցանկացած տեղեկատվության համար, որը կօգներ բռնել նրան: