Շրի Լանկայի տապալված նախագահը հայտարարել է, որ «բոլոր հնարավոր քայլերը» ձեռնարկել է տնտեսական ճգնաժամը կանխելու համար
Շրի Լանկայի տապալված նախագահ Գոտաբայա Ռաջապակսան, որն այս շաբաթ փախել էր արտասահման՝ փրկվելով ժողովրդական ապստամբությունից, հայտարարել է, որ «բոլոր հնարավոր քայլերը» ձեռնարկել է երկրում տնտեսական ճգնաժամը կանխելու համար, հաղորդում է Reuters-ը:
Ռաջապակսայի հրաժարականն ուրբաթ օրը ընդունվել է խորհրդարանի կողմից։ Նա մեկնել էր Մալդիվներ, իսկ այնուհետեւ՝ Սինգապուր, այն բանից հետո, երբ ցուցարարները ներխուժել էին նրա պաշտոնական նստավայր:
Շրի Լանկայի խորհրդարանը շաբաթ օրը հավաքվել է, որպեսզի նոր նախագահի ընտրության գործընթաց սկսի, իսկ երկիր վառելիք է մտել, ինչը որոշակի օգնություն կլինի ճգնաժամից տուժած Շրի Լանկային:
Նիստի ընթացքում Շրի Լանկայի խորհրդարանի գլխավոր քարտուղար Դհամմիկա Դասանայակեն պաշտոնապես ընթերցել է Ռաջապակսայի հրաժարականի նամակը, որի բովանդակությունը նախկինում չի հրապարակվել։
Իր նամակում Ռաջապակսան նշել է, որ Շրի Լանկայի ֆինանսական ճգնաժամը պայմանավորված է իր նախագահությանը նախորդած տարիների տնտեսական վատ կառավարմամբ, ինչպես նաեւ COVID-19 համավարակով, որը կտրուկ նվազեցրել է Շրի Լանկա ժամանող զբոսաշրջիկների թիվը եւ արտասհմանում աշխատողների փոխանցումները:
«Իմ անձնական համոզմունքն է, որ ձեռնարկել եմ բոլոր հնարավոր քայլերը այս ճգնաժամը հաղթահարելու համար, այդ թվում՝ առաջարկելով խորհրդարանականներին ստեղծել համակուսակցական կամ միասնական կառավարություն»,- ասվում է նամակում։
Խորհրդարանը կրկին կհանդիպի երեքշաբթի օրը՝ ընդունելու նախագահի թեկնածությունները: Երկրի ղեկավարին որոշելու քվեարկությունը պետք է տեղի ունենա չորեքշաբթի օրը։
Վեց անգամ վարչապետ դարձած Ռանիլ Վիկրամասինգեն՝ Ռաջապակսայի դաշնակիցը, որն իր կուսակցության միակ ներկայացուցիչն է խորհրդարանում, մինչ այդ երդվել էր որպես նախագահի պաշտոնակատար։
Վիկրամասինգեն, ում ցուցարարները նույնպես ցանկանում են հեռացնել, ուրբաթ օրը ընտրվել է որպես իշխող կուսակցության նախագահի թեկնածու, սակայն նրա ընտրվելու դեպքու, հավանաբար, ավելի մեծ անկարգություններ կլինեն:
Ընդդիմադիր նախագահի թեկնածուն Սաջիթ Պրեմադասան է, իսկ իշխող կուսակցության պոտենցիալ թեկնածուն՝ ավագ պատգամավոր Դուլաս Ալահապերուման:
Շրի Լանկայում վառելիքի համար օրերով հերթերը նորմա են դարձել, քանի որ արտարժույթի պահուստները նվազել են մինչեւ զրո, իսկ հիմնական գնաճը նախորդ ամիս հասել է 54,6 տոկոսի:
Շրի Լանկան շաբաթ օրը ստացել է վառելիքի երեք խմբաքանակներից առաջինը, ասել է էներգետիկայի նախարար Կանչանա Վիժեսեկերան: Սրանք առաջին մատակարարումներն են, որոնք երկիր են եկել մոտ երեք շաբաթվա ընթացքում:
Դիզվառելիքի երկրորդ խմբաքանակը նույնպես կհասնի շաբաթ օրը, իսկ բենզինի խմբաքանակը՝ երեքշաբթի օրը։