Իսպանիայում անոմալ շոգից 237 մարդ է մահացել
Իսպանիայում անոմալ շոգի առաջին 3 օրվա ընթացքում 84 մարդ է մահացել, հայտնում է Business Standard-ը՝ հղում անելով Կառլոս III առողջապահական ինստիտուտին։
Նշվում է, որ երկրում շոգի պատճառով մահացությունների թիվը կարող է աճել։
Իր հերթին, ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Իսպանիայի շատ շրջաններում եղանակային վտանգի նարնջագույն եւ կարմիր մակարդակներ են հայտարարվել։ Նշվում է նաեւ, որ 5 օրվա ընթացքում մահացել է 237 մարդ։
Սպասվում է, որ շոգը կուժեղանա, օդի ջերմաստիճանը կհասնի գրեթե 45 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի։
Հազարավոր հրշեջներ պայքարում են անտառային հրդեհների դեմ Պորտուգալիայում, Իսպանիայում եւ Ֆրանսիայի հարավ-արեւմուտքում, որոնք դեռ մարման նշաններ ցույց չեն տալիս, հայտնում է BBC-ն։
Պորտուգալիայի հյուսիսում օդաչուն զոհվել է, երբ նրա ջրլող ինքնթիռը վթարի է ենթարկվել Ֆոզ Կոա շրջանում՝ Իսպանիայի հետ սահմանի մոտ։
Հրդեհները ավերում են Ֆրանսիայի Ժիրոնդ շրջանի հատվածները, որտեղ ավելի քան 12 000 մարդ է տարհանվել։
Իսպանիայի հարավում՝ Կոստա դել Սոլ շրջանում, մոտ 2300 մարդ ստիպված է եղել փախչել Միխաս բլուրներում տարածված անտառային հրդեհից։
Հրդեհ է մոլեգնում նաեւ Բորդոյից հարավ. այն ընդգրկել է գրեթե 10 000 հեկտար տարածք։ Հրդեհի դեմ պայքարում են մոտ 3000 հրշեջներ։
Երեքշաբթի օրվանից ջերմաստիճանը Պորտուգալիայում բարձրացել է մինչեւ 47 աստիճան, իսկ Իսպանիայում՝ ավելի քան 40 աստիճան, ինչը հանգեցրել է երաշտի եւ անտառային հրդեհների գյուղական վայրերում:
Երկու երկրներում էլ ավելի քան 300 մարդ է մահացել շոգից, հայտնում է իսպանական լրատվական Efe գործակալությունը։