G20-ի ֆինանսների նախարարները հանդես չեն գա ամփոփիչ կոմյունիկեով՝ Ուկրաինայի շուրջ տարաձայնությունների պատճառով
Ինդոնեզիան շաբաթ օրը G20-ի ֆինանսական առաջնորդներին կոչ է արել կենտրոնանալ համաշխարհային տնտեսության վերաբացման իրենց նպատակների վրա, սակայն աղբյուրներն ասում են, որ Բալիում հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կավարտվի առանց պաշտոնական կոմյունիկեի, քանի որ Ուկրաինայում հակամարտությունը շարունակում է պառակտել խումբը, հաղորդում է Reuters-ը:
Ակնկալվում է, որ Ինդոնեզիայի ֆինանսների նախարար Շրի Մուլյանի Ինդրավատին, որը հյուրընկալում է երկօրյա միջոցառումը, փոխարենը կհրապարակի նախագահի հայտարարությունը, որում ամփոփիչ դրույթներ կլինեն, ասել են խնդրին ծանոթ երկու անձինք:
«Մենք կոմյունիկե չենք ակնկալում»,- ասել է աղբյուրներից մեկը։
Արեւմտյան բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը եւ Կանադայի ֆինանսների նախարար Քրիստիա Ֆրիլենդը, ուրբաթ օրը ռուս պաշտոնյաներին մեղադրել են Ուկրաինայի հակամարտության հետեւանքով առաջացած զանգվածային տնտեսական անկման մեջ:
Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն, որը հեռահար ելույթ է ունեցել հանդիպմանը, կոչ է արել «խստացնել թիրախային պատժամիջոցները» Ռուսաստանի դեմ։
Ինդոնեզիայի կենտրոնական բանկի ղեկավար Փերի Վարջիոն շաբաթ օրը ասել է, որ G20-ի անդամները արդյունավետ քննարկումներ են ունեցել, սակայն համաշխարհային տնտեսությանը աջակցելու համար G20-ը պետք է կոնկրետ արդյունքներ հասնի:
«Կարեւոր է, որ մենք կենտրոնացած մնանք այն ամենի վրա, ինչին ծրագրել ենք հասնել այս տարի, քանի որ սա նաեւ դրական ազդանշան կուղարկի համաշխարհային հանրությանը G20-ի դերի եւ համաշխարհային տնտեսության վերականգնմանն աջակցելու նրա ջանքերի մասին»,- ասել է Վարջիոն՝ բացելով հանդիպումների երկրորդ օրը։
Շրի Մուլյանին հույս է հայտնել, որ պատվիրակները կարող են հաղթահարել Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված իրենց տարաձայնությունները, որպեսզի միասին լուծեն ապրանքների գների աճի, պարենային անվտանգության վատթարացող ճգնաժամի եւ ցածր եկամուտ ունեցող երկրների համար իրենց պարտքերը մարելու կողմնակի հետեւանքների խնդիրները:
Սա, պարզվեվ, չափազանց բարդ խնդիր է ներկայիս պայմաններում, երբ արեւմտյան երկրները կոշտ պատժամիջոցներ են կիրառում Ռուսաստանի դեմ եւ մեղադրում են նրան Ուկրաինայում ռազմական հանցագործությունների մեջ:
G20-ի մյուս երկրները, այդ թվում՝ Չինաստանը, Հնդկաստանը եւ Հարավային Աֆրիկան, ավելի զուսպ են արձագանքել:
Շաբաթվա սկզբին արեւմտյան աղբյուրները նախազգուշացրել էին, որ դժվար կլինի համաձայնության գալ կոմյունիկեի շուրջ, քանի որ կազմակերպությունն աշխատում է կոնսենսուսով, իսկ Ռուսաստանը արգելափակել է տնտեսական անկման պատճառների ձեւակերպումները, ինչը ստիպել է Համաշխարհային բանկին եւ Արժույթի միջազգային հիմնադրամին նվազեցնել աճի կանխատեսումները: