Ռուս պաշտոնյաներն այցելել են Իրան՝ անօդաչու թռչող սարքեր նայելու համար․ Սպիտակ տուն
Սպիտակ տունը պնդում է, որ ռուս պաշտոնյաները վերջին շաբաթների ընթացքում առնվազն երկու անգամ այցելել են Իրանի կենտրոնական օդանավակայան, «որպեսզի նայեն սպառազինության ընդունակ անօդաչու սարքերը, որոնք նրանք ցանկանում են ձեռք բերել Ուկրաինայում շարունակվող պատերազմում օգտագործելու համար», հաղորդում է AP-ն:
Սպիտակ տունը հաստատել է, որ Իրանը հունիսի 8-ին եւ հուլիսի 15-ին Քաշանի օդանավակայանում անօդաչու սարքեր է ցուցադրել ռուս պաշտոնյաներին: ԱՄՆ վարչակազմը նաեւ հրապարակել է Shahed-191 եւ Shahed-129 անօդաչու թռչող սարքերի արբանյակային լուսանկարները, որոնք ցուցադրվել եւ թռիչքներ են կատարել օդանավակայանում, քանի դեռ ռուսական պատվիրակության տրանսպորտային ինքնաթիռը ներքեւում է եղել։
Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն իր հայտարարության մեջ նշել է, թե վարչակազմը «տեղեկություններ ունի այն մասին, որ Իրանի կառավարությունը պատրաստվում է Ռուսաստանին մի քանի հարյուր անօդաչու թռչող սարքեր տրամադրել»:
«Մեր գնահատականներով՝ Ռուսաստանի պաշտոնական պատվիրակությունը վերջերս ստացել է գրոհի ընդունակ իրանական անօդաչու թռչող սարքերի ցուցադրություն։ Մենք հրապարակում ենք հունիսին արված այս նկարները, որոնցում պատկերված են իրանական անօդաչու թռչող սարքեր, որոնք այդ օրը տեսել է Ռուսաստանի կառավարության պատվիրակությունը»,- հավելել է Սալիվանը: «Սա խոսում է այն մասին, որ Ռուսաստանը դեռ շահագրգռված է իրանական անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու հարցում»:
Սալիվանն ասել է, որ ԱՄՆ պաշտոնյաները կարծում են, որ հունիսյան այցը «առաջին դեպքն է եղել, երբ ռուսական պատվիրակությունն այցել է այս օդանավակայան նման ցուցադրության համար»: