ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի առաջին կինը՝ Իվանա Թրամփը, մահացել է 73 տարեկան
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի առաջին կինը՝ Իվանա Թրամփը, մահացել է 73 տարեկան հասակում, դժբախտ պատահարի հետեւանքով՝ կապված մարմնին «բութ վնասվածքների» հետ, հայտնել է Նյու Յորքի բժշկական փորձաքննությունը, տեղեկացնում է NBC News-ը։
Նյու Յորքի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյան, որն անմիջականորեն տեղյակ է այս հարցին, ասել է, որ Թրամփի մահվան հանգամանքները «համապատասխանում են աստիճանների վրա ընկնելուն»:
Նյու Յորքի հրշեջ ծառայությունը հայտնել է, որ արձագանքել է հինգշաբթի Մանհեթենում Իվանա Թրամփի տանը սրտի կանգի մասին զանգին, եւ դեպքի վայր ժամանելով՝ պարզել է, որ նա մահացած է:
Իվանա Թրամփի մարմինը հայտնաբերվել է նրա բնակարանի պարուրաձեւ սանդուղքի վրա, NBC News-ին հայտնել է Նյու Յորքի բարձրաստիճան պաշտոնյան։
Իվանայի մահից հետո Դոնալդ Թրամփի եւ նրանց երկու զավակների՝ Դոնալդ Թրամփ-կրտսերի եւ Իվանկա Թրամփի լսումները, որոնք Trump Organization-ի դեմ Նյու Յորքի գլխավոր դատախազության կողմից անցկացվում էին քաղաքացիական հարկային խարդախությունների հետաքննության շրջանակներում, հետաձգվել են: