Արևմուտքը պահանջում էր ընդդիմությանը ԱԺ–ը բերել, իշխանությունն ընտրեց շանտաժի տարբերակը, որը չաշխատեց. քաղտեխնոլոգ
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու որոշումից հրաժարվելու պատճառներից մեկն այն է, որ ընդդիմությունը հակընդդեմ հայցով կարող էր դիմել Բարձր դատարան, ինչը իշխող թիմում լուրջ խնդիրներ կարող էր առաջացնել։
«Ապրիլ–մայիս ամիսներին, երբ խորհրդարանական ընդդիմությունը բավականին ակտիվ պայքար էր մղում, իշխանության կողմնակիցները լուրջ հակահարված չէին տալիս, որովհետեւ ուժը ընդդիմության կողմն էր, հիմա, երբ տեսանելի է, որ ընդդիմությունը գոնե այս պահին լուրջ ձեռքբերումներ չունի, որը ցուցադրվում է ամենշաբաթյա բավականին սակավաթիվ հանրահավաքներով, իշխանությունը որոշեց վրեժխնդիր լինել այն վախի համար, որն ընդդիմությունը պատճառել էր իրեն ապրիլ–մայիս ամիսներին։
Արեւմուտքը խստորեն պահանջում էր իշխանություններից, որ ընդդիմությանը խորհրդարան բերեն, ու կարեւոր չէր, թե ընդդիմությունը խորհրդարանում ինչ պահվածք կցուցաբերեր, կարեւորը նրանց խորհրդարան բերելն էր, որովհետեւ չի բացառվում, որ աշնանը այդ խորհրդարանը ստիպված լինի քվեարկությամբ ընդունել հայ–ադրբեջանական կարեւոր նշանակություն ունեցող փաստաթղթեր, իսկ խորհրդարանը պետք է լեգիտիմ լինի, հակառակ դեպքում, եթե դե յուրե քաղաքական մեծամասնությունը այդ սպասվելիք պայմանագիրը հաստատի, ապա իշխանափոխությունից հետո ընդդիմությունը կարող է պատճառաբանել, որ իրենք չեն մասնակցել այդ գործընթացին եւ համարում են դա առոչինչ։ Որպեսզի նման առիթ չտրվի ընդդիմությանը, Արեւմուտքը իշխանությունից պահանջում էր խորհրդարան բերել ընդդիմությանը, իսկ դրա համար իշխող քաղաքական ուժն ընտրել էր շանտաժի տարբերակը»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Բադալյանը։
Քաղտեխնոլոգի խոսքով՝ այդ շանտաժի միջոցներից մեկը ԱԺ փոխնախագահին եւ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին պաշտոնանկ անելն էր, որը իշխանությանը հաջողվեց, սակայն վերջնանպատակին չհասավ։
«Իշխանությունը հույս ուներ, որ Իշխան Սաղաթելյանին եւ Վահե Հակոբյանին պաշտոնազրկելով միգուցե ընդդիմության մեջ պառակտում առաջացնեն եւ իրենց նպատակին հասնեն, բայց դա չեղավ։ Ընդդիմադիր երկու խմբակցությունների անդամները հրաժարվեցին իրենց պաշտոններից, բացառությամբ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի։
Շանտաժի առաջին տարբերակը չանցավ, դրանից հետո անցան շանտաժի երկրորդ փուլին. սկզբում որոշեցին՝ 33 հոգու հանել խմբակցությունից, հետո տեսան, որ դա կարող է վատ ընկալվել եվրոպական տարբեր կառույցների կողմից, որովհետեւ կստացվեր, որ Հայաստանի խորհրդարանում միայն իշխանություն կա: Դրա վրա կարելի էր աչք փակել, այնպես չէ, որ Հայաստանի ժողովրդավարությունը թիվ մեկ խնդիրն է այս պահին, երբ կա Ռուսաստան-Արեւմուտք հակամարտությունը: Բայց հավանական է, որ եթե Հայաստանի իշխանությունները գնային այդ քայլին, Եվրախորհրդի ոչ ժողովրդավար երկրներ հետեւեին այդ օրինակին եւ զրկեին իրենց ընդդիմությանը մանդատներից, այդ դեպքում եվրոպական կառույցները չէին կարող քննադատել այդ երկրներին, որովհետեւ կլիներ Հայաստանի նախադեպը։ Հետևաբար` եվրոպական կառույցները թույլ չտվեցին այդ ճանապարհով գնալ՝ ապահովագրելով իրենց ապագայում սպասվելիք գլխացավից:
Բացի դրանից, բացակայություններ ունեն ոչ միայն ընդդիմադիր պատգամավորները, այլեւ իշխանականները։ Այդ դեպքում ընդդիմությունը հակընդդեմ հայցով կարող էր դիմել Սահմանադրական դատարան, եւ ՍԴ-ն ստիպված կլիներ զրկել մանդատներից, ինչը իշխող թիմում լուրջ խնդիրներ կարող էր առաջացնել, ինչի պատճառով նրանք հրաժարվեցին այդ գործընթացից։ Ընդդիմությանը մանդատներից զրկելու հարցով ՍԴ չդիմելու պատճառներից է նաեւ այն, որ իշխանությունը փորձում է պառակտում մտցնել ընդդիմադիրների շարքերում: Սկզբում հայտարարվեց 33 պատգամավորների մանդատից զրկելու հարցը, իսկ հետո 10-12-ին, ովքեր ավելի ակտիվ քաղաքական պայքար էին մղում: Այս մասին գրվեց մամուլում։ Հետո ընդդիմությունից արձագանք եղավ, որ եթե նման բան լինի, բոլորը մանդատը վայր կդնեն, իսկ դա նորից կբերեր միակուսակցական խորհրդարանի, որը չէր աշխատի։ Այսինքն՝ իշխանության շանտաժը ընդդիմության նկատմամբ այս պահին չաշխատեց»,– ընդգծեց քաղտեխնոլոգը։