Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է դատարանի դահլիճում
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը այսօր՝ հուլիսի 15–ին, մահացել է դատարանի դահլիճում գիտակցությունը կորցնելուց հետո։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում նրա գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանը հանկարծ կորցրեց գիտակցությունը և ընկավ աթոռից: Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Արմեն Գրիգորյանը մահացել է:
Դատարանի դահլիճում ներկա էին պրոդյուսերի մայրը, հարազատները, ընկերները։
Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը պահվում էր անազատության մեջ մայիսի 17-ից, չնայած բազմաթիվ ահազանգերին, որ ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 17-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է, ապա կալանավորվել: