Իսրայելը հավանություն է տվել Կարմիր ծովի կղզիների վերաբերյալ գործարքին
Իսրայելի կառավարությունը հաստատել է Կարմիր ծովում ռազմավարական նշանակության երկու կղզիների վերաբերյալ գործարքը, որը սկիզբ կդնի Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, տեղեկացրել է Axios-ը։
Գործարքը, որի մասին ԱՄՆ-ը գաղտնի բանակցություններ էր վարում մի քանի ամիս, Ջո Բայդենի վարչակազմի արտաքին քաղաքական հաջողությունը կլինի Մերձավոր Արեւելքում։ Գործարքը նաեւ հնարավոր կդարձնի Սաուդյան Արաբիայի հետ համաձայնագիրը, որը թույլ կտա իսրայելական ավիաընկերություններին օգտագործել իր օդային տարածքը Հնդկաստան եւ Չինաստան արեւելյան ուղղությամբ թռիչքների համար, ինչպես նաեւ թույլ կտա ուղիղ չարթերային թռիչքներ կատարել Իսրայելից Սաուդյան Արաբիա՝ մուսուլման ուխտավորների համար, որոնք կցանկանան այցելել սուրբ քաղաքներ։
Իսրայելի պաշտոնատար անձինք հայտարարել են, որ այդ քայլերի մասին կհայտարարվի Սաուդյան Արաբիա նախագահ Բայդենի այցելության ժամանակ։
Նրանց խոքով՝ Իսրայելը ԱՄՆ-ի առջեւ կանաչ լույս է վառել Կարմիր ծովի կղզիների հարցում։ Տիրան եւ Սանաֆիր կղզիների գործարքը հավանության է արժանացել Իսրայելի վարչապետի գրասենյակի, արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության կողմից։ Այն ներառում է դիտորդների բազմակողմ ուժերի տեղաշարժ, որոնք ներկայում Տիրանում եւ Սանաֆիրում են, դեպի եգիպտական Սինայի թերակղզու նոր դիրքեր, ինչպես նաեւ տեսախցիկների տեղադրում՝ Տիրանի նեղուցում գործունեությունը հսկելու համար։
Գործարքի շրջանակում Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ին կխոստանա, որ կպահպանի 1979թ. Իսրայելի եւ Եգիպտոսի միջեւ խաղաղության համաձայնագրի պարտավորությունները, հիմնականում իսրայելական նավերի համար պահպանելով նավագնացության ազատությունը Տիրանի նեղուցում։
ԱՄՆ-ը Իսրայելին անվտանգության երաշխիքներ կտա նավագնացության ազատության վերաբերյալ՝ Սաուդյան Արաբիայի պարտավորությունների հիման վրա։
Բայդենը հինգշաբթի Իսրայելի վարչապետի պաշտոնակատար Յայիր Լապիդի հետ Երուսաղեմում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «լավատեսորեն» է նայում Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի հարաբերությունների կարգավորման հնարավոր քայլերին։