Սաուդյան Արաբիան օդային տարածքը կբացի բոլոր ավիափոխադրողների, այդ թվում Իսրայելի համար
Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են, որ կբացեն օդային տարածքը բոլոր ավիափոխադրողների համար՝ ուղի բացելով Իսրայել եւ այնտեղից ավելի մեծ թվով թռիչքների առջեւ, փոխանցել է Reuters-ը։
Սաուդյան Արաբիայի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (GACA) հայտարարել է, որ երկրի օդային տարածքն այժմ բաց է բոլոր ավիափոխադրողների համար, որոնք համապատասխանում են նրա պահանջներին՝ միջազգային կոնվենցիաներին համապատասխան, որոնց համաձայն՝ չպետք է խտրականություն լինի քաղաքացիական ինքնաթիռների միջեւ։
Այս որոշումը «կլրացնի այն ջանքերը, որոնք ուղղված են թագավորության՝ որպես երեք մայրցամաքները միացնող գլոբալ հանգույցի ամրապնդմանը եւ միջազգային օդային հաղորդակցության ընդլայնմանը»,- նշվել է GACA-ի հայտարարությունում։
Սաուդյան Արաբիայի օդային տարածքի շրջանցումն ավելացրել էր թռիչքի ժամանակն ու վառելիքի ծախսը Իսրայել եւ Իսրայելից որոշ թռիչքների ժամանակ։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ողջունել է այդ որոշումը եւ կարեւոր քայլ անվանել ավելի ինտեգրված եւ կայուն մերձավորարեւելյան տարածաշրջան կառուցելու ճանապարհին։
«Այսօր ես Միացյալ Նահանգների առաջին նախագահն եմ, որը Իսրայելից Ջիդա կթռչի։ Քանի որ մենք նշում ենք այդ կարեւոր պահը, Սաուդյան Արաբիայի որոշումը կարող է օգնել տարածաշրջանում Իսրայելի հետագա ինտեգրման ազդակ հանդիսանալու համար»,- նշվել է Բայդենի հայտարարությունում։
Չնայած պաշտոնական կապերի բացակայությանը՝ Սաուդյան Արաբիան 2020թ. համաձայնել է թույլ տալ Իսրայել-Արաբական Միացյալ Էմիրություններ չվերթներին հատել իր տարածքը։