Ամերիկացի հետազոտողները հայտնաբերել են փոխադարձ կապ բռնի հանցագործությունների մակարդակի և սիրտ-անոթային հիվանդությունների մահացության նվազման միջև
Չիկագոյից ստացված նոր տվյալների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բռնի հանցագործությունների մակարդակի նվազումը կապ ունի սիրտ-անոթային հիվանդություններից մահացության նվազման հետ։ Այդ հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Սրտի ամերիկյան ասոցիացիայի ամսագրում եւ իրականացվել են Փենսիլվանիայի համալսարանին կից Փերելմանի բժշկական դպրոցի գիտնականների կողմից, ցույց է տվել, որ բռնությունը խոր ազդեցություն է ունենում ոչ միայն առանձին մարդկանց, այլեւ ընդհանրապես հասարակության վրա։
«Կարեւոր է ընդունել, որ շրջակա միջավայրն ազդեցություն ունի առողջության վրա,- նշել է հետազոտության առաջատար հեղինակ, բժշկության դոկտոր Լորեն Էբեռլին։- Բռնի հանցագործությունները կարեւոր սոցիալական գործոն են, որոնք որոշում են սիրտ-անոթային համակարգի առողջությունն ավելի լայն համատեքստում, ինչպիսին է ռասիզմը, որը վնասում է առողջությանը»։
Վերջին 15 տարիների (2000-2014թթ.) տվյալները ընդհանուր առմամբ Չիկագոյի վերաբերյալ վկայում են բռնի հանցագործությունների ընդհանուր զգալի նվազման մասին։ Քաղաքում նվազումը կազմել է 16 տոկոս եւ համընկել է սիրտ-անոթային հիվանդություններից մահացության 13 տոկոսանոց նվազման հետ։
Բայց երբ հետազոտողներն ուսումնասիրել են ցուցանիշները շրջանների մակարդակով, պարզել են, որ բռնի հանցագործությունների ավելի խոր նվազումը համընկնում է սիրտ-անոթային հիվանդություններից մահացության ավելի կտրուկ նվազման հետ։ Օրինակ, շրջաններում բռնի հանցագործությունների նվազումը կազմել է 59 տոկոս՝ համընկնելով սիրտ-անոթային հիվանդություններից մահացության 15 տոկոս նվազման հետ։ Անգամ բռնի հանցագործությունների ամենացածր մակարդակ ունեցող շրջաններում (նվազումը՝ 10 տոկոս) մահացությունը սիրտ-անոթային հիվանդություններից, միեւնույն է, նվազել է ավելի քան 11 տոկոսով։
Հետազոտությունները ցույց են տվել, որ բռնի հանցագործությունները, որպես կանոն, անհամամասնորեն են ազդում գունավոր բնակչության կեցության շրջաններում։ Չնայած Էբեռլիի ու նրա գործընկերների հետազոտությունում հստակ չի հետազոտվել բնակչության ռասայական կազմը ուսումնասիրվող շրջաններում, այսպիսի կանխատեսումը ցույց է տալիս, որ հետազոտության եզրահանգումները, հավանաբար, մեծ նշանակություն ունեն։