ԱՄՆ-ի պաշտպանական ծախսերը հաջորդ տարի կգերազանցեն 800 միլիարդ դոլարը
Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, որի համաձայն՝ ԱՄՆ-ի պաշտպանական ծախսերը հաջորդ տարի կգերազանցեն 800 մլրդ դոլարը։ Դա 37 մլրդ դոլարով ավելի է, քան նախագահ Ջո Բայդենի առաջարկած բյուջեն Պենտագոնին՝ 773 մլրդ դոլար, տեղեկացրել է «Голос Америки»-ն։
Ազգային պաշտպանության ֆինանսավորման մասին օրենի (National Defense Authorization Act, NDAA) ընդունման օգտին, որը սահմանում է Պենտագոնի բյուջեի չափը, քվեարկել է 329 կոնգրեսական, 101-ը դեմ է քվեարկել։ Քվեարկություն Սենատում դեռեւս չի եղել, բայց Սենատի Զինված ուժերի կոմիտեն արդեն պաշտպանել է բյուջեի ավելացումը Բայդենի առաջարկածի համեմատ 45 մլրդ դոլարով։
Երկու պալատները որոշելու են վերջնական գումարը համատեղ նիստում, օրինագիծը քվեարկության կդրվի Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում ավելի ուշ։
NDAA-ի ընդունմանն ամեն տարի ուշադիր հետեւում է արդյունաբերության եւ շահագրգիռ այլ կողմերի ներկայացուցիչների լայն շրջանակ, քանի որ որոշվում է ամեն բան՝ նավեր ու ինքնաթիռներ գնելուց մինչեւ զինծառայողների աշխատավարձի բարձրացում եւ աշխարհաքաղաքական խնդիրների լուծում։
Օրինակ, օրինագծի տարբերակում դատապարտվում է Բայդենի քաղաքականությունը Թուրքիայի հարցում։ Օրենսդիրները հավանություն են տվել այն լրացմանը, որը սահմանափակում է Բայդենի վարչակազմի հնարավորությունները Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու հարցում։
Օրենսդիրները նաեւ հավանություն են տվել Իրաքում պատերազմ վարելու թույլտվությունը չեղարկելուն, որը տրվել էր 2002թ., եւ զինծառայողների աշխատավարձը 4,6 տոկոսով բարձրացնելուն։ Օրինագիծը գործողության մեջ է մտցնում Բայդենի հրամանագիրը պաշտպանության նախարարության դաշնային կապալառուների նվազագույն աշխատավարձը ժամը 15 դոլարով բարձրացնելու մասին։
Կոնգրեսականները դեմ են եղել օրինագծին, որոնք առարկել են ռազմական ծախսերի ավելացմանը։
«Ընդհանուր առմամբ, NDAA-ն ի ցույց է դնում այն փաստը, որ մենք չափից շատ ենք ծախսում ռազմական նպատակներով եւ չափից քիչ՝ դիվանագիտության ու մարդկանց պահանջմունքները բավարարելու համար՝ ինչպես մեզ մոտ, այնպես էլ աշխարհում»,- ասել է Դեմոկրատական կուսակցության ձախ թեւի ներկայացուցիչ, Կոնգրեսի Առաջադեմ կոկուսի ղեկավար Էնդի Լեւինը, որը դեմ է քվեարկել ներկա տեսքով օրինագծի ընդունմանը։