Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է ԵՄ-ի երկրներին գազի վերաբերյալ գործարք կնքել Ադրբեջանի հետ
Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է ԵՄ-ի երկրներին գործարք կնքել Ադրբեջանի հետ բնական գազի ներմուծումն ավելացնելու եւ խողովակաշարն ընդլայնելու համար, նշվել է այն փաստաթղթում, որին ծանոթացել է Reuters-ը։
Փոխըմբռնման հուշագրի նախագիծը, որը պահանջում է համապատասխան կառավարությունների հավանությունը եւ կարող է փոխվել, ռուսական գազից կախվածությունը կրճատելու Եվրամիության ջանքերի մի մասն է։
«Կողմերը ձգտում են բնական գազի երկկողմ առեւտուր անել՝ ի հաշիվ Հարավային գազային միջանցքով Եվրամիություն գազի արտահանման՝ ամեն տարի, մինչեւ 2027թ., մոտ 20 մլրդ խորանարդ մետր ծավալով»,- նշվել է հուլիսի 11-ի փաստաթղթում։
Էներգետիկայի գծով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը Ադրբեջան կայցելի այս ամսվա վերջին։
Տրանսադրիատիկ գազատարով անցած տարի եվրոպական երկրներ (ինչպես, օրինակ, Իտալիա) է հասցվել ավելի քան 8 մլրդ խորանարդ մետր ադրբեջանական գազ։
Նախագծում նշվել է, որ երկու կողմերը կխրախուսեն այդ ցանցի ընդլայնման ֆինանսավորումը՝ Եվրոպա մատակարարումներն ավելացնելու համար։
Մատակարարումների աճը Ադրբեջանից կպահանջի ընդլայնել գազի սեփական արդյունահանումը։
Նախագծում ընդգծվել է «երկարաժամկետ, կանխատեսելի եւ կայուն պայմանագրերի» կարեւորությունը գազ արտադրողների անվտանգության ապահովման համար։ Բայց դրանում նաեւ նշվել է, որ ապագա գազային պայմանագրերը պետք է համաձայնեցվեն ԵՄ-ի նպատակների հետ կլիմայի փոփոխության ոլորտում, ինչը, ըստ Բրյուսելի, կպահանջի կտրուկ նվազեցնել գազի օգտագործումը, հատկապես 2030թ. հետո։
Երկու կողմերը պետք է ակտիվացնեն մեթանի արտանետումների զսպմանն ուղղված ջանքերը։
Ռուսական գազի մատակարարումների հետագա կրճատման առիթով անհանգստությունն այս շաբաթ խորացել է՝ «Հյուսիսային հոսք-1» գազատարի պլանային նորոգումն սկսելուց հետո, որով գազ է մատակարարվում Գերմանիա։ Եվրոպայում կարծում են, որ Մոսկվան կարող է երկարացնել անջատումը։
Համաձայնագրի նախագծում նշվել է, որ ԵՄ-ը եւ Ադրբեջանը նաեւ ուսումնասիրելու են միջցանցային միավորումների զարգացումը եւ քննարկելու են ջրածնի առեւտուրը։