ՀՅԴ Արեւմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեն դատապարտել է Մուրադ Փափազյանի՝ Հայաստան մուտքի արգելքը
ՀՅԴ Արեւմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեն դատապարտել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսահայ հազմակերպությունների խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի՝ Հայաստան մուտքի արգելումը:
Տարածված հայտարարության մեջ ասվում է.
«ՀՅԴ Արեւմտյան Եվրոպայի կետրոնական կոմիտեն եւ իր անդամները՝ Ֆրանսիա, Հոլանդիա եւ Բելգիա, զարմանքով եւ միաժամանակ խոր ընդվզումով խստիվ դատապարտում են ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսահայ կազմակերպությունների խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի Հայաստան մուտքի արգելումը:
Ազգային-կուսակցական պարտականություններով Հայրենիք մեկնած ընկերոջ Երեւանի օդանավակայան ժամանման պահին առանց պաշտոնական որեւէ բացատրության երկիր մուտքի արգելքը այլ բան չէ, քան Դաշնակցության նկատմամբ հստակ կեցվածք:
Մուրադ Փափազյանն անկախության առաջին օրից տարբեր առիթներով բազմաթիվ անգամներ այցելել է Հայրենիք, որոնց շարքին նաեւ ֆրանսական պետական բարձրագույն մակարդակի պատվիրակությունների մաս կազմելով եւ երբեք նման վերաբերմունքի չի ենթարկվել: Լեւոնտերպետրոսյանական օրերի խունտայի վարքագիծը հիշեցնող այս կեցվածքը, սակայն, անպատասխան չպետք է մնա իրավական առումով:
Հայ մարդուն եւ ի մասնավորի դաշնակցական գործչի նկատմամբ նման ոճ միայն թշնամի Թուրքիան եւ Ադրբեջանը են կիրարկում, որին սովոր ենք ու ծանոթ, սակայն սեփական Հայրենիքի կողմից ստացված այսպիսի վատոգի հարված անընդունելի է ու անմարսելի՝ որեւէ հայի համար անխտիր:
Այս բոլորին զուգահեռ, սույն երեւույթը հարված է նաեւ ժողովրդավարության հասկացողության եւ ըմբռնումներին, որոնց անունով այնքան ճամարտակում են Հայաստանի այսպես կոչված չակերտյալ իշխանությունները: Ընդդիմադիր ուղղություն եւ հայացքներ ունենալ եւ ամենուր դրսեւորելը խոսքի ազատության եւ ազատ շրջագայության մարդու տարրական իրավունք է, որ փաստորեն ոտնահարում են արար աշխարհին ժողովրդավարության կեղծ պիտակով ներկայացող փաշինյանական հորդաները: Քաղաքական այս «կաֆ»-ը անհետեւանք չի մնա, եւ ոստիկանական բռնատիրություն հաստատած ապազգային վարչախումբը կվճարի գինը իր վրեժխնդրական փոքրոգի ու ճղճիմ արարքի»: