The Wall Street Journal-ը բացահայտել է ուկրաինական հացահատիկի արտահանման գործարքի մանրամասները
Ստամբուլում սեւծովյան արգելափակված նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի արտահանման վերաբերյալ բանակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել են մասնակի ականազերծման եւ հրադադարի մասին։ Այս մասին տեղեկացրել է ամերիկյան The Wall Street Journal թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Նշվել է, որ քաղաքական գործիչները պայմանավորվել են հացահատիկը դուրս տանել Ուկրաինայի երեք նավահանգիստներից, ուկրաինական նավերի պարեկմամբ, եթե հրադադար հաստատվի։
Թուրքիայի զինված ուժերը ստուգելու են նավահանգիստ եկող դատարկ նավերը։
Ըստ աղբյուրի՝ առայժմ պետք է համաձայնագրի տեխնիկական մանրամասները մշակել։ Պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո, առաջիկա օրերին, հնարավոր է պաշտոնական համաձայնագրի ստորագրում։
Ավելի վաղ Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հայտարարել էր, որ Թուրքիայում բանակցություններն Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ ուկրաինական հացահատիկի մատակարարումների վերսկսման մասին «չափազանց հուսադրող» են, բայց վերջնական պայմանավորվածություն չկա։
ՄԱԿ-ի ներկայացուցիչների, ինչպես նաեւ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ տեղի ունեցած բանակցությունները սեւծովյան նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի դուրսբերման մասին տեղի են ունեցել նախօրեին՝ հուլիսի 13-ին, Ստամբուլում։