Շրի Լանկայում ավելի քան 80 մարդ տուժել է ոստիկանության հետ բախումների ժամանակ
Չորեքշաբթի օրը ավելի քան 80 մարդ է տուժել Շրի Լանկայում ցուցարարների եւ ոստիկանության ու զինվորականների հետ բախման հետեւանքով. ցուցարարները փորձում էին զավթել վարչապետի գրասենյակը եւ երկրի խորհրդարանի շենքերի համալիրը, տեղեկացրել է Daily Mirror-ը։
Պարբերականի տեղեկացմամբ՝ չորեքշաբթի ցերեկը եւ երեկոյան երկրի մայրաքաղաք Կոլոմբոյի հիվանդանոցներ է տեղափոխվել 84 մարդ։ Նրանց կեսը (42 մարդ) վնասվածքներ եւ վիրավորումներ է ստացել չորեքշաբթի երեկոյան խորհրդարանի շենքերի համալիր ներխուժելիս, մյուսները տուժել են ցերեկը, վարչապետի գրասենյակ ներխուժել փորձելիս։
Adedarana լրատվական պորտալը հինգշաբթի տեղեկացրել է, որ տուժածներից հինգը կանայք են։ Պորտալի տեղեկացմամբ՝ բախումների ժամանակ վնասվածքներ են ստացել նաեւ մեկ զինվորական, երկու ոստիկան եւ երկու լրագրող։
Զանգվածային փողոցային ցույցերը նախագահ Գոտաբայի Ռաջափակսայի կառավարության դեմ Կոլոմբոյում սկսվել են ապրիլի վերջին։ Փողոցային ցույցերի մասնակիցները կառավարությանը մեղադրում են տնտեսական այնպիսի քաղաքականություն վարելու մեջ, որը հանգեցրել է երկրի պատմության մեջ ամենավատ տնտեսական ճգնաժամին։ Հուլիսի 9-ի շաբաթ օրը ցուցարարները զավթել էին նախագահի եւ վարչապետի նստավայրերը։ Հուլիսի 13-ի չորեքշաբթի առավոտյան նախագահ Ռաջափակսան, որն ավելի վաղ հայտարարել էր հրաժարական տալու մտադրության մասին, հեռացել է երկրից։ Ցույցերը վերսկսվել են չորեքշաբթի, այն բանից հետո, երբ հակառակ ընդդիմության սպասելիքների՝ նախագահը խորհրդարանի խոսնակին չէր ներկայացրել հրաժարականի խոստացած հայտարարությունը եւ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել վարչապետ Ռանիլ Վիքրեմեսինգհին, որի հրաժարականը նույնպես պահանջում են ցույցերի մասնակիցները։