50 զոհված զինծառայողների փորձանմուշներ կուղարկվեն Նիդերլանդներ՝ ԴՆԹ հետազոտության. Դրա համար հատկացվեց 75 հազար դոլար
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 14-ի նիստում այս տարվա բյուջեից ՀՀ առողջապահության նախարարությանը 75 հազար դոլար հատկացրեց՝ ԴՆԹ հետազոտություն կատարելու դիմաց ֆինանսավորում ապահովելու նպատակով:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 44-օրյա պատերազմի արդյունքում զոհված զինծառայողների դիակների և մասունքների ԴՆԹ նույնականացման փորձաքննությունները կատարվել են ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնում 2020-ի հոկտեմբերից մինչև 2022 թվականը: Այս ընթացքում նույնականացվել է բազմաթիվ անճանաչելի ձևի փոփոխված, մասնահատված, կմախքացած, այրված աճյուններ և մասունքներ, որոնց արդյունքում ունեցել ենք անհայտ համարվող զինծառայողների դիակների և մասունքների ինքնության պարզում։
«Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ում գտնվող թվով 100 (բարդ նմուշ) ոսկրային փորձանմուշներ են ուղարկվել Նիդերլանդների թագավորություն ICMP կազմակերպություն ԴՆԹ նույնականացումը կատարելու նպատակով: Ֆինանսավորումը իրականացվել է USAID կազմակերպության կողմից:
Սակայն դեռևս առկա են բարդ, վնասված, արտաքին գործոնների ազդեցությունից որոշակի կազմափոխված ոսկրային հյուսվածքներ, որոնցից չի հաջողվում անջատել անձի նույնականացման համար պիտանի ԴՆԹ բնութագրեր: Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել ևս թվով 50 ոսկրային հյուսվածքների փորձանմուշներ ուղարկել Նիդերլանդների թագավորություն՝ Անհայտ Կորածների Միջազգային Հանձնաժողովի համապատասխան ԴՆԹ փորձաքննություների լաբորատորիա, վնասված ոսկրային հյուսվածքներից ԴՆԹ անջատման և գենետիկական լիարժեք բնութագիր ստանալու համար։
Վերջինիս համար անհրաժեշտ է 75,000 ԱՄՆ դոլար: Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել Առողջապահության նախարարությանը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 31,125,000 ՀՀ դրամ: