Էստոնիայի վարչապետ Կալլասը հայտարարել է իր հրաժարականի մասին
Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը հայտարարել է իր հրաժարականի եւ նոր կառավարությունը գլխավորելու պատրաստակամության մասին՝ նախորդ իշխող կոալիցիայի փլուզումից հետո, հինգշաբթի հայտնել է նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։
«Վարչապետ եւ Ռեֆորմիստական կուսակցության նախագահ Կայա Կալլասը պաշտոնապես տեղեկացրել է կառավարությանը սեփական նախաձեռնությամբ հրաժարական տալու որոշման մասին։ Վարչապետի հետ հրաժարական կտա ամբողջ կառավարությունը։ Կալլասը հայտարարել է նոր կառավարությունը գլխավորելու իր պատրաստակամության մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Սահմանադրության համաձայն՝ վարչապետն այսօր նախագահին եւ խորհրդարանին կտեղեկացնի պաշտոնից հեռանալու իր որոշման մասին։ Դրանից հետո նախագահ Ալար Կարիսը նրան վարչապետի նոր թեկնածու կնշանակի։ Կալլասը նաեւ առաջարկել է ուրբաթ օրը գումարել խորհրդարանի արտահերթ նիստ, որտեղ նա մանդատ կխնդրի՝ Ռեֆորմիստական կուսակցության, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության եւ Isamaa կուսակցության նոր կառավարական կոալիցիայի համար: