Հնագետներն առաջին անգամ պեղել են Արթուր թագավորի լեգենդի հետ կապված դամբարանը
Հնագետներն առաջին անգամ պեղել են 5 000-ամյա նեոլիթյան դամբարանը, որը կոչվում է «Արթուրի քար»՝ ի պատիվ միջնադարյան լեգենդար թագավորի, տեղեկացրել է CNN-ը։
«Արթուրի քարը» գտնվում է Ուեսթ Միդլենդսում, Հերեֆորդշիրում, Ուելսի սահմանից ոչ հեռու։ Հուշարձանը մեծ քար է՝ կողքին գտնվող ուղղահայաց քարերին հենված։
«Ավերակները բրիտանական պատմության կարեւոր մասն են, բայց դրանց մասին քիչ բան է հայտնի։ Մենք հույս ունենք, որ պեղումներն այս վայրում ավելի շատ տեղեկություն կտան մեզ կղզու հնագույն բնակիչների մասին»,- ասել է Մանչեսթրի համալսարանի հնագիտության պրոֆեսոր Ջուլիան Թոմասը, որը ղեկավարում է նախագիծը։
Նրա խոսքով՝ ավելի վաղ պեղումների ժամանակ թիմը հայտնաբերել էր ուղղահայաց քարերի երկար ուղի, որը տանում է հուշարձանից դեպի հարավ՝ Ոսկե հարթավայր, որտեղ գնտվում է դամբարանը։
Հուշարձանի հնագույն քարե բուրգը շարունակվում է հարավային կողմի ամբողջ երկարությամբ, ասել է Թոմասը։
Այս տարիներին ստեղծված բազմաթիվ պատմությունները կապում են Բրիտանիայի լեգենդար թագավորի գերեզմանի հետ։ Թոմասի խոսքով՝ ամենահայտնի լեգենդներից մեկում նշվում է, որ Արթուր թագավորը մարտնչել եւ սպանել է հսկային, որն ընկել է դամբարանի քարին՝ այն երկու մասի բաժանելով։
Մյուս լեգենդը ենթադրում է, որ քարի վրայի խորությունները կապվում են այն տեղի հետ, որտեղ Արթուրը ծունկի է եկել աղոթելու համար, ասել է նա։
Ըստ Թոմասի՝ որքան էլ որ հետաքրքիր լինեն այդ առասպելները, ոչ մի պատմական կապ չի փաստագրվել Արթուր թագավորի եւ կառույցի միջեւ։ Ավելին, պատմաբանները չեն կարողացել հաստատել, որ Արթուր թագավորն առհասարակ իրական մարդ է եղել։
Ըստ Թոմասի՝ դամբարանը կառուցվել է Բրիտանիայի պատմության համար կրիտիկական նշանակություն ունեցող ժամանակաշրջանում, երբ ընտելացվել են կենդանիներն ու բույսերը, ինչպես նաեւ ստեղծվել են բրուտագործական իրեր եւ հղկված քարե աշխատանքային գործիքներ։