Ֆրանսիան եղել և մնում է ՀՀ-ի հավատարիմ բարեկամը, իսկ՝ ֆրանսիացին՝ հայի դժվարին օրերի ընկերը. Արմեն Սարգսյանը՝ Մակրոնին
Հանրապետության նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Մեծ ուրախությամբ ջերմ շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ՝ Ֆրանսիայի Ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ:
Բաստիլի գրավումը խորհրդանշական էր ոչ միայն Ֆրանսիայի, այլեւ ողջ Եվրոպայի ու համայն մարդկության համար: Այսօր էլ Ֆրանսիան առանցքային ու յուրահատուկ դեր ունի միջազգային գործընթացներում և հատկապես եվրոպական ընտանիքում:
Ուրախ եմ, որ ֆրանսիական հյուրընկալության և ժողովրդավարության միջավայրի կրողն են նաև իմ ժողովրդի ֆրանսաբնակ զավակները:
Առավել ուրախ եմ, որ Ֆրանսիան եղել և մնում է Հայաստանի հավատարիմ բարեկամը, իսկ՝ ֆրանսիացին՝ հայի դժվարին օրերի ընկերը: Հենց այդպիսի տպավորություններ ու հիշողություններ ունեմ Ձեզ հետ մեր հանդիպումներից ու զրույցներից:Այսօր էլ, սիրելի բարեկամ, պատրաստ եմ, իմ հնարավորությունները ներդնել հայ- ֆրանսիական բարեկամությունն ու գործընկերությունն ամրապնդելուն:
Մաղթում եմ Ձեզ, Ֆրանսիայի ժողովրդին և յուրաքանչյուր ֆրանսիացու՝ խաղաղություն,միասնականություն և բարօրություն»։