Կրկին ահռելի հերթեր Արաբկիրի անձնագրայինում. Մարդիկ տետրի վրա ցուցակ են կազմել դրսում, որ իրենց հերթը հասնի, ապա նոր կտրոն քաշեն, այնուհետև մեկ հերթի էլ ներսում մասնակցեն
Կարծես թե Կառավարությունն ամեն բան անում է, որ քաղաքացու հոգսը թեթև լինի, միասնական պատուհան, և այլն... Բայց այստեղ կարևոր խոսքը «կարծես թե»-ն էր: Ինչո՞ւ: Որովհետև արդեն որերորդ օրն է ՝ Արաբկիրի անձնագրայինում անմարդկային, ահռելի հերթեր են գոյացել:
Operativ-ի թղթակցի հետ զրույցում հերթի մեջ սպասող մի կին ասաց, որ նա այստեղ է արդեն երրորդ օրը շարունակ.
«Ամեն օր նոր հերթ է կազմվում, մարդիկ առավոտվա ժամը վեցից են անգամ գալիս, որ գոնե ցուցակում իրենց անունը շուտ հնչի»,- ասում էր կինը: Մեր թղթակցի ճշտող հարցին, բայց չէ որ անձնագրայինները առավոտյան ժամը վեցին չեն աշխատում, աշխատանքային ժամը սկսվում է առավոտյան 09:00-ից, կինն ասաց.
<<Այո՛, ճիշտ եք, բայց վեցից գալիս ենք, որովհետև նոր ցուցակ է կազմվում՝ անուն-ազգանուններով, և բաժնի բացվելուն պես սկսում են կանչել: Բայց դեռ այդ ցուցակը միայն ներս մտնելու համար է, մի հատ էլ պետք է կտրոն քաշես, որ էլի հերթի սպասես ներսում, որ պատուհանից կանչեն, որ նոր կարողանաս քո գործարքը կատարել»:
Մեկ այլ հերթի մեջ սպասող աղջիկ էլ ասաց, որ երեկ հերթը ավարտվել է 99 թվի վրա, բոլոր հերթում մարդիկ համարակալվում են, բայց 99 թվից հետո չեն կանչվել ներս:
Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ ինքը երեկ 111-րդն է եղել տետրի մեջ գրվող ցուցակով, այսօր նոր իր թիվը 59-րդն է: Այսինքն ստացվում է՝ երկուսից երեք օր պետք է գաս, հերթ կանգնես, որ նոր Աստծո կամոք կարողանաս քո գործարքը կատարել , կամ , եթե բախտդ չբերեց, էլի ոչ:
Operativ-ի հարցին, իսկ գուցե գնալ ա՞յլ անձնագրային բաժիններ, չէ՞ որ երկրից ելքի համար կարևոր չէ՝ դու վիզան կստանաս քո տարածքայինում, թե այլ բաժնում, հերթի մեջ շատերը պնդեցին, որ այլ տեղերում էլ մայրաքաղաքում նույն վիճակն է:
Հիշեցնենք, որ դեռ հուլիսի մեկին «Իրավունք» թերթը արձանագրել էր, որ Անձնագրայինում հերթերը կամաց-կամաց հասնում են հանրահավաքների մասնակիցների թվին: Հուլիսի մեկից անցել է 14 օր, բայց պատկերը նույնն է:
Ի դեպ, Operativ-ի թղթակիցը ևս ունենալով գործարք անձնագրայինում, հենց նոր տեղեկացավ, որ ժամը 12:50-ի դրությամբ դեռ նոր 50 հոգի է սպասարկվել, հերթում կան դեռ 170 հոգի:
Հերթի մեջ բոլորը խոսում էին այն մասին, որ շուտով ընդմիջման ժամն է, և փոխանակ մեկ հոգի գնա ընդմիջման, մյուսը՝ սպասարկի, բոլորն են գնում ընդմիջման և ընդմիջումն էլ տևում է ոչ թե հասանելի մեկ ժամ՝ ժամը 14:00-15:00, այլ հայավարի՝ 13:00-ից արդեն գրեթե աշխատող չկա: