Ջերմոցային գազերի արտանետումներն ԱՄՆ-ում եւ Չինաստանում գլոբալ տնտեսական վնասներ են պատճառել
ԱՄՆ-ը եւ Չինաստանն աշխարհում ջերմոցային գազերի արտանետման երկու ամենամեծ աղբյուրներն են, նրանց պատճառած գլոբալ տնտեսական վնասը 1990-2014թթ. հասել է ավելի քան 1,8 տրիլիոն դոլարի։ Այս մասին նշվել է Դարթմուտի քոլեջի հետազոտությունում, որտեղ առանձին երկրներում արտանետումները կապվում են կլիմայի փոփոխությունների պատճառով առաջացող տնտեսական վնասի հետ։
Աղբյուրի համաձայն՝ մի քանի երկրներ, որտեղ արտանետումներն առավելագույն մակարդակի են, պատասխանատվություն են կրում ավելի աղքատ երկրների տնտեսական խոշոր վնասների համար, որոնք ավելի խոցելի են գլոբալ ջերմացման առումով։
Հետազոտողները նշել են, որ կլիմայի փոփոխությունները սպառնում են երկրներին տնտեսական կորուստներով՝ նվազեցնելով բերքատվությունը, աշխատանքի արտադրողականությունը եւ սահմանափակելով արդյունաբերական արտադրությունը։
Հաշվետվության համաձայն՝ աշխարհում ջերմոցային գազերի արտանետման ընդամենը հինգ հիմնական աղբյուր 6 տրիլիոն դոլարի գլոբալ տնտեսական վնաս է հասցրել 1990-2014թթ. տաքացման հետեւանքով։ Ռուսաստանը, Հնդկաստանը եւ Բրազիլիան առանձին-առանձին 500 միլիարդ դոլարը գերազանցող տնտեսական վնաս են պատճառել նույն ժամանակամիջոցում։
«Այս հետազոտությունը պատասխանում է այն հարցին, թե կա արդյոք գիտական հիմք կլիմայի փոփոխությունների պատասխանատվության համար։ Պատասխանը դրական է»,- ասել է Դարթմուտի քոլեջի աշխատակից, հետազոտության եհղինակ Քրիստոֆեր Կալահանը։
Հաշվետվությունում հաշվարկվել է այն վնասը, որը հասցվել է մի երկրի արտանետումների պատճառով մեկ այլ առանձին երկրի՝ 143 երկրների ընտրանքում, որոնց վերաբերյալ տվյալներ կան։
Հետազոտության համաձայն՝ ԱՄՆ-ի արտանետումների պատճառով վնասներ կրող երկրներում ջերմաստիճանն ավելի բարձր է, դրանք միջինից ավելի աղքատ են։ Նրանք սովորաբար գտնվում են գլոբալ հարավում կամ մերձարեւադարձներում։
Օրինակ, հետազոտության համաձայն, ԱՄՆ-ը 1990-2014թթ. Մեքսիկային պատճառել է 79,5 մլրդ դոլարի տնտեսական կորուստ՝ ԱՄՆ տարածքում արտանետումների պատճառով։
ԱՄՆ-ը վնաս է պատճառել նաեւ Ֆիլիպիններին՝ 34 մլրդ դոլարի տնտեսական կորուստ։
Եվ հակառակը, ԱՄՆ-ում արտանետումները դրական տնտեսական ազդեցություն են ունեցել այնպիսի երկրներում, ինչպիսին են Կանադան եւ Ռուսաստանը, ինչը, վերլուծության համաձայն, բերել է 247 մլրդ եւ 341 մլրդ դոլարի շահույթ համապատասխանաբար։
Հետազոտությունում նշվել է, որ այն երկրները, որոնք շահ են ստացել ԱՄՆ-ի արտանետումներից, ավելի ցածր ջերմաստիճաններ ունեն եւ միջինից ավելի հարուստ են։ Այդ երկրները սովոաբար գտնվում են հյուսիսային կամ միջին լայնություններում։ Որոշ դեպքերում ավելի բարձր ջերմաստիճանները կարող են օգնել ավելացնել արտադրողականությունն ի հաշիվ բերքատվության բարձրացման։
Կլիմայի փոփոխությունների վրա ներգործության բաշխումը նույնպես հավասարաչափ չէ, քանի որ արտանետումների ամենամեծ մակարդակ ունեցող 10 երկրներն են դարձել գլոբալ կորուստների ավելի քան երկու երրորդի պատճառը։