Ինչպես պաշտպանել ձեր տվյալները համացանցում
2022 թ․ առաջին եռամսյակում կատարվել է 1,025,968 ֆիշինգային հարձակում, դա մոնիթորինգի ընթացքում ամենաակտիվ եռամսյակն է եղել: Առաջին անգամ նման ժամանակահատվածում ֆիշինգային հարձակումների թիվը գերազանցել է 1 միլիոնը, ասվում է Anti-Phishing Working Group (APWG)-ի զեկույցում:
2022 թ․ի մարտին կատարվել է 384,291 հարձակում, ինչը, ըստ APWG-ի տվյալների, ռեկորդային ցուցանիշ է դարձել մեկ ամսվա ընթացքում։
Սովորական օգտատերերի դեմ թվային խարդախությունների գրեթե բոլոր տեսակները կատարվում են սոցիալական ինժեներիայի միջոցով: Սա նշանակում է, որ հանցագործները հաճախ օգտագործում են հոգեբանական տարբեր հնարքներ, օրինակ՝ ծանոթ են ձեւանում եւ պարտք են ուզում կամ շտապ օգնություն խնդրում, առաջարկում են նվիրատվություն կատարել երեխայի բուժման համար, ներկայանում են բանկի աշխատակիցներեւ խնդրում ուղարկել անձնական տվյալներ: Անընդհատ նոր սխեմաներ են ի հայտ գալիս՝ խարդախները մշտապես փոխում եւ կատարելագործում են գաղտնի տեղեկություն ստանալու իրենց ռազմավարությունն ու մեխանիզմը, ինչը խոցելի է դարձնում նույնիսկ փորձառու օգտատերերին: Սակայն մի քանի պարզ կանոնների պահպանումը կօգնի պաշտպանվել ցանցում հնարքների մեծ մասից: