Հունգարիան արտակարգ դրություն կհայտարարի էներգետիկ ոլորտում
Հունգարիայի կառավարությունը արտակարգ դրություն կհայտարարի էներգետիկայի ոլորտում. այս մասին հուլիսի 13-ին հայտարարել է վարչապետի գրասենյակի ղեկավար Գերգելի Գույաշը։
Արտակարգ դրությունը ենթադրում է մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են ջեռուցման սեզոնի նախաշեմին երկրի վառելիքով ապահովմանը։ Մասնավորապես՝ օգոստոսից կավելացվեն գազի գնումները արտերկրից, և կկրճատվի վառելիքի սպառումը երկրի ներսում։
Գույաշը նաև նշել է, որ աշնանը գազի պակասը կզգացվի ողջ Եվրոպայում։
«Վերջին օրերին պարզ դարձավ, որ, մեծ հավանականությամբ, Եվրոպայում աշուն-ձմեռ ջեռուցման սեզոնի համար բավարար գազ չի լինի»,- ասել է Գույաշը։
Հուլիսի 13-ին վարչապետ Վիկտոր Օրբանը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել երկրի էներգամատակարարման հետ կապված խնդիրների պատճառով։
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ասել է, որ իր երկիրը նույնիսկ պատրաստ չէ քննարկել Ռուսաստանից գազի էմբարգոն և չի աջակցի ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթին, եթե այն ներառի սահմանափակումներ «Գազպրոմ»-ի կամ «Գազպրոմբանկ»-ի նկատմամբ։
Հուլիսի 11-ին Bloomberg-ը հայտնել էր, որ Եվրամիությունը ծրագրում է առաջիկա շաբաթներին առաջարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ։ Գործակալության տվյալներով՝ ԵՄ անդամ որոշ երկրներ պնդում են ընդլայնել Ռուսաստանի Դաշնության դեմ նման պատժամիջոցները՝ գազային ոլորտին հարվածելու նպատակով։