ՄԱԿ-ը գնահատել է Ստամբուլում կայացած հացահատիկի վերաբերյալ բանակցությունները
Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) դրական է գնահատել Ստամբուլում հացահատիկի արտահանման վերաբերյալ Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի բանակցությունները։ Այս մասին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ֆարհան Հակը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ստամբուլում ավարտվել է Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչների փակ հանդիպումը՝ կապված Սևծովյան նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի արտահանման հարցի հետ։
Հանդիպումն անցկացվել է թուրքական ռազմական օբյեկտներից մեկի տարածքում, մամուլին թույլ չեն տվել լուսաբանել միջոցառումը։ Հայտնի է, որ բանակցությունների ընթացքում ռուսական պատվիրակությունն ուկրաինական կողմին է տրամադրել «այդ հարցի շուտափույթ գործնական լուծման առաջարկների փաթեթ»։