Բայդենը գերձայնային զենքի մշակմանն ուղղված հրահանգներ կստորագրի
Նախագահ Ջո Բայդենը պատրաստ է ստորագրել երկու հրահանգ, որոնք թույլ կտան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը գերձայնային զենքի ներդրումներ կատարել իր արտադրական բազայում, քանի որ հակառակորդները ցուցադրում են առաջադեմ հնարավորություններ, գրում է Defense News-ը։
Չինաստանն ու Ռուսաստանը գովազդում են գերձայնային զենքի ստեղծման վերջին առաջընթացը, որն ունի 5 մախից բարձր արագությամբ մանեւրելու եզակի հնարավորություն: Պենտագոնն ուզում է լուծել հիմնական տեխնոլոգիական ոլորտներում մատակարարման շղթայի հնարավոր խախտումները:
Մայքլ Ուայթը, հետազոտության եւ զարգացման գծով պաշտպանության փոխնախարարի գրասենյակի հիպերձայնի հարցերով գլխավոր տնօրենը, ասել է, որ նախագահի հրահանգները Պենտագոնին թույլ կտան ներդրումներ կատարել գերձայնային շարժիչների աջակցության եւ կառավարման ու վերահսկման ենթահամակարգերի մատակարարման համար:
Գերձայնային ծրագրերի համար դեպարտամենտի հնգամյա ծախսերի պլանը կազմում է 25 միլիարդ դոլարից մի փոքր պակաս՝ սկսած վաղ հետազոտություններից մինչեւ նախատիպերի կառուցում եւ դաշտային փորձարկումներ:
«Ֆինանսավորման մակարդակները զգալիորեն ավելանում են, որպեսզի մենք կարողանանք անցնել մեր ծրագրերի առաջին երեք փուլերը»,- ասել է Ուայթը:
Սպիտակ տունը մտահոգություն է հայտնել գերձայնային արդյունաբերական բազայի վերաբերյալ եւ նաեւ գիտակցել է դրա կարեւորությունը ազգային անվտանգության համար: 2021 թվականի փետրվարին Բայդենը ստորագրել է հրաման՝ Պենտագոնին հանձնարարելով իրականացնել մատակարարումների շղթայի համակողմանի վերլուծություն չորս ոլորտներում, ներառյալ կինետիկ հնարավորությունները, ինչպիսին է գերձայնը: Եվ այս տարվա սկզբին վարչակազմը թարմացրել է իր կարեւոր տեխնոլոգիաների ցանկը՝ դրանում ներառելով գերձայնային հնարավորությունները: