Յուրի Շևչուկը «ДДТ» խմբի վերջին համերգների հոնորարները փոխանցել է ուկրաինացի փախստականներին
«ДДТ» ռոք խմբի ղեկավար Յուրի Շեւչուկը հայտնել է, որ վերջին համերգներից ստացված ողջ հոնորարները փոխանցել է ուկրաինացի փախստականներին։ Նրա հետ հարցազրույցը հրապարակվել է լրագրող Եկատերինա Գորդեեւայի YouTube-յան ալիքում։
«Իմ երեխաներն արդեն չափահաս են, եւ ես շատ ֆինանսների կարիք չունեմ: Ես երբեք չեմ վերցրել իմ անձնական հոնորարը որեւէ համերգից։ Ամբողջ գումարը փոխանցել եմ Ուկրաինայի փախստականներին։ Մարդիկ տառապում են»,- նշել է արտիստը։ Նա հավելել է, որ նշանակություն չունի, թե որտեղից է մարդը՝ Դոնեցկից, Կիեւից, թե Մոսկվայից։
Մայիսի կեսերին հայտնի դարձավ, որ Շեւչուկի դեմ վարչական արձանագրություն է կազմվել։ Դա տեղի է ունեցել Ուֆայում համերգից հետո։ Իր ելույթի ժամանակ երաժիշտը քննադատել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը, ինչպես նաեւ տվել է «հայրենիք» հասկացության սեփական սահմանումը։