ՌԴ ՔԿ-ն Միխայիլ Խաչատրյանի գործն ուղարկել է գլխավոր դատախազություն՝ մեղադրանքը հաստատելու համար
Ռուսաստանի Քննչական կոմիտեն Միխայիլ Խաչատրյանի դեմ դուստրերի նկատմամբ սեռական բռնության եւ խոշտանգումների փաստով քրեական գործն ուղարկել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը։
«Եթե մեղադրական եզրակացությունը հաստատվի վերահսկող մարմնի կողմից, գործի նյութերը կուղարկվեն ըստ էության ուսումնասիրվելու Մոսկվայի Բուտիրսկի դատարան»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Մոսկվայի Բասմանի դատարանը հետաքննության միջնորդությամբ գրեթե մեկ ամիս առաջ սահմանափակել է Խաչատրյանի պաշտպանությունը՝ գործի նյութերին ծանոթանալու ժամկետներով։ ՔԿ-ն նրանց գործողություններում «նյութերի ընթերցման ձգձգում է» տեսել: Գործը պարունակում է ավելի քան 20 հատոր։
Մայիսի վերջին հաղորդվել էր, որ ՌԴ Քննչական կոմիտեն ավարտել է Միխայիլ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը։ Քննիչները խստացրել են նրա մեղադրանքը՝ դրան ավելացնելով պոռնոգրաֆիկ նյութերի տարածումը։
Անցյալ տարվա մարտին ՌԴ Քննչական կոմիտեն քույրերի պաշտպանությանը պաշտոնապես ծանուցել էր հոր դեմ քրեական գործ հարուցելու մասին։ Այն ժամանակ նրան խոշտանգումների եւ նրանց նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեղադրանք էր առաջադրվել։ Ինչպես ՏԱՍՍ-ին ասել են աղջիկների փաստաբանները, իրենց պաշտպանյալները գործով պաշտոնապես տուժող են ճանաչվել, ինչի կապակցությամբ հույս ունեն դադարեցնել քրեական հետապնդումը։ Եթե Խաչատրյանը մեղավոր ճանաչվի, «սա կլինի ապացույց, որ Խաչատրյան քույրերը գտնվել են անհրաժեշտ պաշտպանության վիճակում», նշել են իրավաբանները։
Միխայիլ Խաչատրյանը սպանվել է 2018 թվականի հուլիսի 27-ին։ Երեք դուստրերը դանակով եւ մուրճով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրան։
Աղջիկների գործողությունները հետաքննությամբ որակվում են որպես նախնական համաձայնությամբ սպանություն մի խումբ անձանց կողմից։ Միաժամանակ հիմնական գործից առանձնացվել են կրտսեր քրոջ վերաբերյալ նյութերը, քանի որ նա փորձագետների կողմից ճանաչվել է անմեղսունակ՝ նրան վերագրվող հանցագործության պահին։ ՔԿ-ն պնդում է, որ նրա նկատմամբ պետք է բժշկական բնույթի միջոցներ կիրառվեն, քանի որ նա հարկադիր բուժման կարիք ունի։ Նրա դեմ գործը քննվել է Մոսկվայի Բուտիրսկի դատարանում՝ փակ ռեժիմով, եւ վերադարձվել է ավագ քույրերի գործից հետո, որի համար Մոսկվայի քաղաքային դատարանը այդպես էլ չի կարողացել երդվյալ ատենակալներ ընտրել։