Ուկրաինան եւ ՄԱԿ-ը կմասնակցեն Ստամբուլում հացահատիկի շուրջ բանակցությունների նոր փուլին
Հուլիսի 13-ին Ստամբուլում ուկրաինական հացահատիկի արտահանման շուրջ բանակցությունների նոր փուլ կանցկացվի, հայտնում է թուրքական Haberturk հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ բանակցություններին կմասնակցեն Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչներ։ Բանակցությունները կանցկացվեն ռուսական եւ թուրքական պատվիրակությունների ղեկավարությամբ։
Ավելի վաղ Ուկրաինայի ռազմածովային ուժերը հայտնել էին, որ արտասահմանյան նավերը սկսել են ժամանել երկրի գետային նավահանգիստներ Դանուբի ափին՝ հացահատիկ բեռնելու համար։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել նաեւ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ։ Կողմերի քննարկած հարցերի թվում է համաշխարհային շուկա հացահատիկի արտահանման համար Սեւ ծովում անվտանգ միջանցք ստեղծելու խնդրի կարգավորումը։ Մինչ այդ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Թեմաներից մեկը հացահատիկի արտահանումն է եղել։