Բրիտանիայում դաշտում 2000 տարեկան ոսկե մետաղադրամների գանձ է հայտնաբերվել
Նորֆոլկի ֆերմերների դաշտում սիրողական հնագետները հին Հռոմի ժամանակների թափված ոսկե մետաղադրամներ են հայտնաբերել: Փորձագետները կարծում են, որ ի սկզբանե գանձը խորը թաղված է եղել, սակայն հողը հերկելիս ֆերմերներն այն դուրս են բերել մակերեւույթ։ Հետազոտողների գտածոյի մասին պատմում է The Searcher ամսագիրը:
Մինչ այժմ որոնողները գտել են 11 մետաղադրամ, եւ փորձագետները հուսով են, որ ապագայում ավելի շատ մետաղադրամներ կհայտնաբերվեն: Առաջին մետաղադրամը հայտնաբերվել է 2017 թվականին։ Տեղացի դրամագետները գտածոն անվանել են «Բրոդսի գանձ»՝ մոտակա գետերի եւ լճերի ցանցի անունով։
«Մետաղադրամները թափված էին հողի վրա, որը տարեցտարի հերկվել է, ինչի հետեւանքով հողը անընդհատ շրջվել է, եւ ի վերջո մետաղադրամները մակերես են դուրս եկել»,- ասել է Նորֆոլկի կոմսության խորհրդի դրամագետ Ադրիան Մարսդենը:
Առաջին տարում որոնողները չորս մետաղադրամ են գտել, իսկ հաջորդ տարի՝ եւս մեկ, իսկ մեկ տարի անց՝ եւս մի քանի մետաղադրամ։ Մասնագետները կարծում են, որ սա դեռ ամենը չէ, եւ մոտ ապագայում նոր գտածոներ կլինեն։
Մարսդենը ոսկիները թվագրել է մ.թ.ա. 1-ին դարի եւ մ․թ․ I դարի միջեւ ընկած ժամանակահատվածին։ Հետաքրքիր է, որ բոլոր մետաղադրամները հատվել են մինչեւ հռոմեական նվաճումը, երբ Բրիտանիան նոր էր գրավվել հռոմեական զորքերի կողմից՝ սկսած մ.թ. 43 թվականից:
Գանձի մեջ կա երկու տեսակի ոսկե մետաղադրամ՝ մեկը Հռոմի առաջին կայսր Օգոստոս Կեսարի դիմանկարով, իսկ մետաղադրամի հակառակ կողմում նրա թոռներ ու գահաժառանգներ Գայոսն ու Լուցիոսն են։ Մետաղադրամի մյուս տեսակի վրա պատկերված է Օգոստոսը պրոֆիլից, իսկ մյուս կողմում՝ Գայոսը ձիով։
Մետաղադրամներից յուրաքանչյուրն ունի նաեւ փոքր փոսիկ վերեւում, ինչը հավանաբար ցույց է տալիս, որ ինչ-որ մեկը ստուգել է մետաղադրամների մաքրությունը: Մարսդենը նշում է, որ բոլոր մետաղադրամները պատրաստված են բարձրորակ 20 կարատանոց ոսկուց։