Եվրոյի և դոլարի փոխարժեքը 20 տարվա մեջ առաջին անգամ հավասարվել է
Եվրոն և դոլարը 20 տարվա մեջ առաջին անգամ հավասարվել են՝ ազդարարելով շուկայի այն ենթադրության մասին, որ եվրոպական տնտեսությունը գնում է դեպի խորը ռեցեսիա՝ 1 եվրոն հավասար է 1 ԱՄՆ դոլարի, հայտնում է Euronews-ը։
Այս տեղաշարժը նշանակում է, որ եվրոպական ընկերությունները եւ սպառողները ավելի շատ կվճարեն իրենց ներմուծած ապրանքների եւ ծառայությունների համար, իսկ եվրոպական արտահանումը միջազգային շուկաներում անմիջապես կէժանանա։
Փետրվարի սկզբից եվրոն կտրուկ էժանացել է։ Անկումը արագացել է վերջին շաբաթներին, քանի որ մտավախություններ են տարածվել, որ Ռուսաստանը՝ ԵՄ հիմնական էներգիայի մատակարարը, պատրաստվում է ամբողջությամբ դադարեցնել գազի մատակարարումը ի պատասխան Արեւմուտքի պատժամիջոցներին:
Մինչ օրս ԵՄ 12 երկրներ ամբողջությամբ կամ մասամբ կրճատել են ռուսական գազի մատակարարումները։
«Հյուսիսային հոսք 1» գազատարի մատակարարումները դադարեցվել են այս շաբաթվա սկզբին՝ պլանավորված 10-օրյա սպասարկման նպատակով: Եվրոպայում վախենում են, որ Ռուսաստանը չի վերսկսի մատակարարումները։
«Եկեք պատրաստվենք ռուսական գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը։ Հիմա դա ամենահավանական տարբերակն է»,- ավելի վաղ հայտարարել էր Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը:
Բոլոր հայացքներն ուղղված կլինեն եվրոյին՝ տեսնելու, թե արդյոք այն իջնելու է ԱՄՆ դոլարից ցածր: Վերջին անգամ դա տեղի է ունեցել 2002 թվականի նոյեմբերին, երբ եվրոն արժեր 0,99 դոլար։
Այդ ժամանակվանից եվրոն անշեղորեն բարձրացել է՝ հասնելով գրեթե 1,60 դոլարի 2008 թվականի ամռանը, երբ Մեծ անկումը ֆինանսական ավերածություններ առաջացրեց ԱՄՆ-ում:
Սակայն Ուկրաինայի պատերազմը փոխեց իրավիճակը՝ մեծ վնաս պատճառելով ԵՄ տնտեսությանը: Հանկարծակի ցնցումը հանգեցրել է եվրոգոտում ռեկորդային գնաճի, որը հունիսին կազմել է 8,6 տոկոս, տնտեսական ակտիվության աստիճանական դանդաղման հետ մեկտեղ:
Եվրոպական կենտրոնական բանկն արդեն բարձրացրել է տոկոսադրույքները՝ փորձելով զսպել գնաճը եւ նախատեսում է շարունակել դա, քանի որ իրավիճակը էլ ավելի վատթարանա: Սակայն որոշ վերլուծաբաններ քննադատել են ԵԿԲ-ին՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Կանադայի իր գործընկերների համեմատ շատ ուշ գործելու համար:
«Հնարավոր է, ինչ-որ մակարդակում եվրոյի հավասարությունը ԱՄՆ դոլարի նկատմամբ ընդամենը թիվ է»,- Twitter-ում գրել է Միջազգային ֆինանսների ինստիտուտի (IIF) գլխավոր տնտեսագետ Ռոբին Բրուքսը:
«Բայց շուկաները կազմված են մարդկանցից, որոնք հոգ են տանում մակարդակների մասին, ինչը պարիտետին հատուկ հոգեբանական նշանակություն է տալիս, հատկապես այն պատճառով, որ մենք չենք տեսել [հավասարություն] 20 տարվա ընթացքում»: