Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար կպայքարի ութ թեկնածու
Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի թեկնածուների գրանցումն ավարտված է, քվեարկության առաջին փուլում պաշտոնի համար կպայքարի ութ թեկնածու, որոնց հաջողվել է ստանալ պահպանողականների խմբակցության առնվազն 20 անդամների ձայները:
Պաշտոնական գրանցումն ավարտվել է տեղական ժամանակով ժամը 18:00-ին (Երևանի ժամանակով ժամը 21:00-ին):
Թեկնածուների թվում, որոնց հաջողվել է դուրս գալ քվեարկության առաջին փուլ, ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակն է, արտաքին գործերի նախարար Լիզ Տրասը, ֆինանսների նախարար Նադիմ Զահավին, արտաքին գործերի նախկին նախարար Ջերեմի Հանթը, միջազգային առևտրի փոխնախարար Փենի Մորդոնտը, Համայնքների պալատի կոմիտեի նախագահ Թոմ Տուգենդհատը, Անգլիայի և Ուելսի գլխավոր դատախազ Սուելա Բրավերմանը ևւ կանանց և իրավահավասարության հարցերով նախկին փոխնախարար Քեմի Բադենոկը:
Բորիս Ջոնսոնը, որը վարչապետի պաշտոնում Թերեզա Մեյին փոխարինել է 2019 թվականին, հուլիսի 7-ին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի և Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին: Նա պարտականությունները կկատարի մինչև նախարարների կաբինետի նոր ղեկավարի նշանակումը։
Հիշեցնենք՝ Ջոնսոնի հետ կապված սկանդալների ֆոնին օրերս նրա կաբինետի անդամներից ավելի քան 50-ը հրաժարական էր տվել։ Ջոնսոնի կառավարության անդամներից մեկին մեղադրում են երկու տղամարդկանց նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ։ Ջոնսոնը նրան բարձր պաշտոնի էր նշանակել՝ չնայած նման միջադեպեր նախկինում էլ էին եղել։ Ջոնսոնի շուրջ մյուս սկանդալն էլ կապված է լոքդաունի ժամանակ իր նստավայրում երեկույթների մասնակցելու հետ։